Մեկնաբանություն

06.08.2016 00:21


Մեսչյանի բացակա կեցվածքը

Մեսչյանի բացակա կեցվածքը

Մի անգամ արդեն գրել եմ, որ Արթուր Մեսչյանի դեպրեսիվ երաժշտությունը չեմ սիրում: Նրա երգարվեստի ֆանատները շատ են ու հիմա դժվար է ինչ-որ բան ասել այդ երաժշտության կամ հեղինակի կեցվածքի դեմ: Չեմ էլ ասելու, որ սովետի ժամանակ «այլախոհի դափնին» ճակատին տոչորվում էր: Բայց երբ երկիրը անկախություն ձեռք բերեց, հեռացավ: Դա՛ էլ իր գործն է... Պարզապես, շա՜տ էր երազում անկախություն: Հավանաբար, նրա համար, որ անկախ երկրում չապրեր: Դա՛ էլ իր գործն է:

Մի 20 տարի հետո վերադարձավ ու խորհրդավորության մշուշով պատված այս ու այնտեղ հարցազրույցներ էր տալիս: Ջահելությունը «հալվում» էր նրա ամեն բառից... Օ՜հ, հեռախոսով էին նկարում նրա ելույթները ու «գցում ինտերնետ»:

Նորից լսեք այդ ելույթները, որտեղ բառ անգամ չկա Սերժ Սարգսյանի դեմ...Ինչպես ասում են՝ «օբշի խոսում» էր, քննադատում բոլորին, բացի մեկից՝ ձևացնելով, թե իբր «յառռռռռի ընդդիմադիր է»... Սասնա Ծռերի գործողությունից հետո երկու շաբաթ իջավ ջրի հատակը, այն դեպքում, երբ անգամ Կանադայից ժամանած Խանջյանը ձերբակալվեց սեփական կարծիքն արտահայտելու համար (չենք խոսում արդեն մնացյալ սփյուռքահայերի մասին): Մեսչյանի բերանից «զվուկ» չհնչեց, ոչ մի տեսակետ կամ դիրքորոշում չհայտնեց, ավելին՝ չդատապարտեց խաղաղ ցուցարաների դեմ ոստիկանական բռնաճնշումները և բերման ենթարկված մարդկանց բազմաթիվ դեպքերը: Կարծես, այդ ամենն իր կողքով էր անցնում. մարդը կույր ու խուլ էր ձևանում:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում դուք նրանից որևէ «հնչյուն» լսե՞լ եք՝ կապված ապստամբող տղաների գործողության հետ: Իհարկե, չեք լսել:

Ճիշտն ասած, Մեսչյանի բացակա կեցվածքին հետևելիս՝ հասկացա, որ շատ ավելի գնահատելի են այն մտավորականները, որոնք թեկուզ իշխանական գիծն են պաշտպանում: Իսկ որտե՞ղ է Մեսչյանը՝ անհասկանալի է: Նա մտել է խոր ընդհատակ ու բառ իսկ չի ասում կատարվածի մասին: Սա, ներեցե՛ք, ամոթալի կեցվածք է: Համ ներկա է, համ բացակա... Ահավոր ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:

Թվացյալ հանդարտ ժամանակներում նա կարող է Ամերիկյան համալսարանի բեմահարթակում «լվանալ» ջահելների ուղեղները (կրկնում եմ՝ երբե՛ք չարտաբերելով ՀՀԿ ղեկավարի անունը, ինչը հասկանալի է. Մատենադարանի նոր մասնաշենքի՝ դեռ Սովետի ժամանակ սկսված շինարարական նախագիծը Սարգսյանը իրեն վստահեց): Իսկ ահա լարված իրավիճակներում ՀՀԿ-ականների պես թաքստոց էր գտել ու թաքնվել:

Այս ամենի մասին չէի գրի, եթե այսօր չտեսնեի մի տեսահոլովակ: Իսկապես հայը հնդկական կինո շատ է սիրում: Ինչ-որ մեկը որոշել է Մեսչյանի «Ահա և վերջ» երգով «ձևավորել» Սասնա ծռերի տղաների հանձնման տեսարանը և այդ հոլովակը տարածել համացանցում: Բոլորը նայում ու ողբում են՝ մոռանալով, որ այդ ամենից բացակա է եղել կամ իրեն մորթապաշտորեն հեռու է պահել հեղինակը (կրկնում եմ՝ մինչ հուլիսի 17-ը «յանի» ընդդիմադիր էր):

Իրոք որ՝ հայը հիշողություն չունի: Նրանը դեպրեսիան է, «Ահա և վերջ» լսելը, հանձնման «արարողությանը» հետևելն ու հոնգուր-հոնգուր լաց լինելը: Մի պահ չեն սթափվում էլի, որ ասեն՝ ահա և վե՛րջ՝ Սերժ Սարգսյանին: Հուսանք, կհաղթահարեն սերժամեսչյանական դեպրեսիսան ու կասեն: Հաստա՛տ կասեն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը