Մեկնաբանություն

10.08.2016 00:05


Սարգսյանի բիզնես գործընկերները մի՞թե կարող են Արթուրի արարքը համարել մարդասիրական քայլ

Սարգսյանի բիզնես գործընկերները մի՞թե կարող են Արթուրի արարքը համարել մարդասիրական քայլ

Հայն, իսկապես, չափազանց էմոցիոնալ է: Ազգի մի մասնիկի գլխում հանկարծ մի գաղափար է ծնվում ու բոլորը համակվում են այդ գաղափարով: Կարևոր անելիքը թողած, սկսում են ստորագրահավաք կազմակերպել: Ժամանակ ու ջանք են վատնում մի բանի վրա, որի ավարտն ի սկզբանե հայտնի է «ոչ էմոցիոնալ» հային: Օրինակ, ինձ:

Հաց ախպերը հրաշալի կերպար է, բան չունեմ ասելու: Սասնա ծռերին հաց հասցնող Արթուր Գրիգորյանի սխրանքն անուրանալի է: Մարդը գիտակցված գործել է, առաջ է գնացել մահվանը: Ինչպես նրանից առաջ գիտակցված ձևով դեպի մահն են գնացել «Սասնա ծռերը»: Այո՛, շարքային քաղաքացիներս Արթուրի արարքը գնահատոմ ենք որպես իսկական սխրանք: Սակայն պետք չէ չափազանցությունների գիրկն ընկնել ու հանդես գալ մի նախաձեռնությամբ, որի վերջաբանն, ինչպես արդեն ասացի՝ էս գլխից պարզ է:

Նախաձեռնող խումբը որոշել է Արթուր Սարգսյանին ներկայացնել «Ավրորա» մրցանակի: Առանց երկար-բարակ մտածելու մխրճվում ենք մի գործընթացի մեջ՝ չպատկերացնելով կամ չցանկանալով պատկերացնել դրա «արդյունքը»: Դե, հեչ որ չէ՝ բարոյական հաղթանակը կա ու կա: Իսկ հային էլ ի՞նչ է պետք: Այո՛, միայն բարոյական հաղթանակներ:

Բարեկամներ, իսկ դուք ի՞նչ է, չգիտե՞ք, թե ովքեր են «Ավրորա» մրցանակի համահիմնադիրները: Հիշեցնեմ՝ գործարար Ռուբեն Վարդանյան, ամերիկացի բարերար և վենչուրային ներդրող Նուբար Աֆեյան և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյան: Երեքն էլ Սերժ Սարգսյանի հետ սերտորեն կապված մարդիկ, որոնք ՀՀ-ում բիզնես-նախագծեր են իրականացնում: Վարդանյանին ներկայացնելու մասով չծավալվեմ, քանի որ բոլորիդ հայտնի է նա: Իսկ Աֆեյանը 2010թ. հուլիսից հանդիսանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Հայաստան-2020» ծրագրի, ինչպես նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հիմնադիր և խորհրդի անդամ է: Հարկ է նաև նշել, որ Ռուբեն Վարդանյանին Սերժ Սարգսյանը 2011-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, 2013-ին նա պարգևատրվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բարձրագույն՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով և այլն:

Հիմա ի՞նչ եք կարծում, այս մարդիկ պետք է Սերժ Սարգսյանի բնորոշմամբ «ահաբեկչություն» իրականացրած խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Արթուր Սարգսյանին «Ավրորա» մրցանակի ներկայացման հայտը ընդունե՞ն: Ուզում եք 2 միլիոն ստորագրություն հավաքե՞ք, դա բացառվում է:

Սարգսյանի բիզնես գործընկերները մի՞թե կարող են Արթուրի արարքը համարել մարդասիրական քայլ: Մոռացե՛ք այդ մասին և զբաղվեք ավելի կոնկրետ գործով:

Եկեք ժամանակն ու եռանդն օգտագործենք գլխավոր խնդիրը լուծելու, այն է՝ իշխանափոխության հասնելու նպատակի իրագործման համար:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը