Քաղաքական

10.08.2016 08:40


ՀԱՄԱԽՄԲՈւՄԸ Վանաձորում (ֆոտոշարք)

ՀԱՄԱԽՄԲՈւՄԸ Վանաձորում (ֆոտոշարք)

Օգոստոսի 9–ին ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և վարչության անդամները հանդիպել են կուսակցության՝ Վանաձորի համայնքային կառույցի ակտիվի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, վարչության անդամներ Վահան Ղույումչյանը (Վանաձոր), Մանվել Եղիազարյանը, Կարեն Անդրեասյանը, Արեգնազ Մանուկյանը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության՝ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ինչպես նաև կուսակցության՝ Սպիտակի և Ստեփանավանի տարածքային կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Իր ելույթում Վահան Ղույումչյանը նշել է, որ երկիրը գտնվում է ցնցումների մեջ, և պետք է համախմբվելով Հերակլեսի նման մաքրել ավգյան ախոռները։

–Օրվա իշխանությունն օգտվելով մեր անտարբերությունից՝ Լյուդովիկոս 14–րդի նման հայտարարում է, որ պետությունն ինքն է։ Ո՛չ, պետությունը մե՛նք ենք, սա մեր հայրենիքն է։ Սա կուսակցական պայքար չէ, սա տեսակի պայքար է,–ասել է Վ.Ղույումչյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն էլ հավելել է, որ երկրում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ և քաղաքական մենաշնորհի վերացում։ Նրա խոսքով՝ արատավոր այդ համակարգը մի խումբ մարդկանց համար ծառայում է որպես հարստացման աղբյուր:

Կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանն անդրադարձել է կուսակցության անելիքներին:

–ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության շուրջ սրտացավ, պատասխանատվություն վերցնող քաղաքացիների մի հսկայական բանակ է ձևավորվում: Այս կուսակցությունում «բոբիկ» կենսագրությամբ մարդիկ չկան։ Ամեն մեկն արժանի կենսագրություն ունենալով՝ ի վերջո համախմբվել է մի տեղ, որպեսզի այդ կենսագրությունը ծառայեցնի մեր բոլորիս երազանքին՝ այն Հայաստանի, որին բոլորս սպասում ենք,–ասել է Կ.Անդրեասյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, բայց հայկական հեղափոխական իրավիճակն ունի առանձնահատկություն.

–Ներքևները չեն ուզում և չեն կարող։ Չեն ուզում ապրել, ինչպես թելադրվում է վերևից, և չեն կարող ապրել, որովհետև հասկանում են, որ դրանով երկիրը բազմաթիվ կորուստներ կունենա։ Նրանց մի մասը որոշել է արտագաղթել, մի մասը՝ համակերպվել (նրանք շատ քիչ տոկոսն են), մյուս մասը պատրաստ է պայքարի, բայց փնտրտուքների մեջ է։ Ինչ վերաբերում է վերևներին, ապա նրանք նույնպես չեն կարողանում և չեն ուզում կառավարել հին ձևով։ Նրանք մի բան են ուզում՝ վերարտադրվել, ինչն է՛լ ավելի սրում հեղափոխական վիճակը երկրում:

Ա. Թևանյանը հավելել է, որ իշխանություններին պետք են մեծ ցնցումներ, որովհետև դրանց միջոցով են իրենք կարողանում պահպանել աթոռները.

–ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը, ի տարբերություն իշխանությունների, անհրաժեշտ են ոչ թե մեծ ցնցումներ մեր երկրի համար, այլ մեծ Հայաստան։ Իշխանություններն ունեն իրենց շահերը, ՀՀ–ն՝ իր։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ստեղծվել է, որ հասարակական, քաղաքական լայն համախմբման միջոցով հասնի փոփոխությունների։

Ելույթ է ունեցել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, ով նշել է, որ երկիրն իսկապես անդունդի եզրին է, և ժողովուրդն ուզում է արագ ու արմատական փոփոխություններ։

–Երկրի քաղաքական մթնոլորն այսքան նեխած, այսքան աղավաղված մեր անկախության 25 տարիներին երբեք չի եղել։ Բայց սա պատահական չէ. դրա վրա մարդիկ աշխատում են՝ ամենավերևներից, որովհետև դա իրենց ձեռնտու է։ Ամեն ինչ փորձում են առնել, ծախել, և մարդիկ վաճառվում են իրենց գրպանի և նեղ շահի համար։ Արդեն սկսել են խոսել կեղծ ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարության մասին, բայց այնտեղ ընդգրկելու են այն կուսակցություններին, որոնք արդեն այսօրվանից գործարքի մեջ են մտել իշխանությունների հետ,–ասել է Վ.Օսկանյանը։

Նա հավելել է՝ պետք է ժողովրդական ալիք ստեղծել, որ 2017թ. ընտրությունների նախաշեմին իշխանությունները վախենան և նույնիսկ չմտածեն կեղծելու մասին։

–Իսկապես այս իշխանությունն իրեն սպառել է, տեղ չունի այլևս մնալու։ Իշխանության մնալու նրանց ցանկացած նոր փորձ պետք է դատապարտված լինի ձախողման, և դրան նպաստելու մեջ մեծ դերակատարություն պետք է ունենանք մենք բոլորս,–եզրափակել է Վ. Օսկանյանը։

Կուսակցության ակտիվի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել հարց ու պատասխան, անդրադարձ է կատարվել ներքաղաքական իրավիճակին, Ղարաբաղի հարցին և կուսակցության առաջիկա քայլերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը