Լրահոս

15.12.2009 14:07


Ս. Սաֆարյան. «Գործ ունենք թուրքական հստակ ձևակերպված պայմանի հետ»

Ս. Սաֆարյան. «Գործ ունենք թուրքական հստակ ձևակերպված պայմանի հետ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, թե  դժվար կլինի միանշանակ պատասխանել՝ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի՞ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ։

-Ինքս հակված եմ, որ ձգձգումներով հանդերձ, այնուամենայնիվ, Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի այս արձանագրությունները, բայց այս վերջին  շրջանում տեղի ունեցածն ապացուցում է, որ Թուրքիան շատ ավելի շահագրգռված է այս պրոցեսից օգուտներ քաղելով, քան գործընթացի  վերջնակետով, այն է՝ հարաբերությունների կարգավորմամբ,-ասել է նա։

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ այսօր պետք է արձանագրել, որ հայկական կողմի և միջազգային հանրության սխալի հետևանքով մենք գործ ունենք թուրքական շատ հստակ ձևակերպված պայմանի հետ։

-Պայմանը չբավարարելը վտանգում է արձանագրությունների վավերացման գործընթացն ընդհանրապես, քանի որ Հայաստանը նույնպես հասկացնել է տվել, որ արձանագրությունները միակողմանի չեղյալ համարելու քայլերի կգնա։ Իսկ եթե փորձ է արվում բավարարել, պետք է ասել, որ պաշտոնական Երևանն է հայտնվում բավական մեծ ճնշումների տակ՝ Ղարաբաղի հարցով։ Բայց, չնայած այդ ճնշումներին, անգամ տեսանելի չեն ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման հեռանկարները,-հավելել է նա։

Այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ միայն հիմա Հայաստանը սկսեց կոշտացնել դիրքորոշումը, նա պատասխանել է, թե ամիսներ առաջ էլ ինքն ասել է, որ ժամանակը ցույց կտա իրականությունը։

-Թուրքիայի հետ հարաբերվելու ամեն օրը ՀՀ իշխանություններին կապացուցի այս արձանագրությունների վավերացման հետ կապված ռիսկերը, և նրանք դա կգիտակցեն անգամ առանց ընդդիմության քննադատության,-ասել է Ստեփան Սաֆարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը