Մեկնաբանություն

12.08.2016 00:05


Սրանք արդեն դրսում էլ են «տոկոս խփում»

Սրանք արդեն դրսում էլ են «տոկոս խփում»

Սարգսյան-Պուտին հանդիպումից և համատեղ ասուլիսից հետո այնպիսի վիճակում հայտնվեց ՀՀ վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը, որը կարելի է բնութագրել որպես մղձավանջային:

Էսքան տարի մարդն իր համար սուսուփուս նստած՝ Սերժ Սարգսյանի քիմքին հարմար ինչ-որ ցուցանիշներ էր «վրձնում»՝ փորձելով «կլորացնել» բացասական ցուցանիշները: Մեկ էլ հո՛պ, ՌԴ նախագահը «խառնեց» բոլոր ալիքները:

«Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 %-ով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է»,-հայտարարեց Վլադիմիր Պուտինը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Շրջանցենք իրողությունը, որ այս հայտարարությունը բուռն արձագանք գտավ սոցիալական ցանցերում: Ինչ-որ մասնագետ, ինչ-որ պատասխանատու վերջապես պետք է պարզաբանե՞ր ասվածը, մանավանդ, որ ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգացել այդ 10 տոկոսը: Դե, մասնագետն ու պատասխանատուն էլ Մնացականյանն էր, որը տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ այնպիսի մեկնաբանություններ ներկայացրեց, ինչից ակնհայտ դարձավ, որ ինքը՝ վիճծառայության ղեկավարն էլ է շփոթված (անգամ ՀՀԿ ղեկավարի պատվերով այդքան «վրձնելուց» հետո):

«Խեղճ» Մնացականյանը մեկ՝ ենթադրություն հայտնեց, թե Պուտինը անցած տարիների թվերն է նկատի ունեցել («Ենթադրում եմ, որ դա 2014 և 2015 թվականների ՀՆԱ-ի ցուցանիշի աճի տեմպն է, ենթադրում եմ նաև, որ առաջին եռամսյակին ինչ-որ մեկը ինչ-որ հաշվարկ է կատարել»): Մեկ էլ՝ գումարեց-հանեց տոկոսները, ստացավ՝ 6,6 տոկոս ու ծանր իրավիճակից դուրս գալու համար լրագրողներին խորհուրդ տվեց հարցն ուղղել Պուտինին (իբր Բաղրամյան 26-ում նստած Սերժ Սարգսյանը հայկական լրատվամիջոցների հարցերին պատասխանում է, մնում էր Պուտինը պատասխաներ):

Փաստորեն, ստացվում է, որ վիճծառայություն կոչված կառույցը ձևական մի բան է, ու այս տարվա առաջին եռամսյակի թվերը (և ոչ միայն) կարող են նկարել Բաղրամյան 26-ում և որպես «փաստաթուղթ» դնել Պուտինի առաջ: Սա խայտառակություն է: Սակայն նման անհեթեթ վիճակում անցած տարիներին հայտնվել են շատերը (Մնացականյանը ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը կլինի):

Հիշում եք չէ՞, թե ինչպես էին իրենց դրսևորում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կամ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Սերժ Սարգսյանի «թունդ արևմտամետության» փուլում: Երկուսն էլ պնդում էին, որ ՀՀ-ն ընտրել է մի ուղի և գնում է ԵՄ ասոցացման ճանապարհով: Սակայն մեկ օրում և միանձնյա որոշմամբ Սերժ Սարգսյանը Հայաստանը մտցրեց ԵՏՄ կազմի մեջ:

Մնում է զարմանալ, թե Կառավարությունը, պետական բոլոր օղակները ինչո՞ւ են գործում եթե բոլոր թվերը, տոկոսներն ու որոշումները գրում, խփում և ընդունում է մեկ մարդ: Ու կեղծ փաստաթուղթ ներկայացնում օտար պետության ղեկավարին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը