Կարծիք

15.12.2009 15:25


Quid Pro Quo? Թուրքիան բարոյականության և քաղաքականության միջև. ամեն ինչ դրե՛ք սեղանի վրա

Quid Pro Quo? Թուրքիան բարոյականության և քաղաքականության միջև.  ամեն ինչ դրե՛ք սեղանի վրա

Երեւան: Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում եւ այլուր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Էրդողանը, արտգործնախարար Դավութօղլուն և մյուսներն ի սկզբանե կողմնակից են եղել, որ Հայաստանի հետ իրենց երկրի հարաբերությունների բնականոնացումը և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը միատեղվեն ընդհանուր մի քաղաքական օրակարգի մեջ:

Ես համաձայն եմ:

Նորանկախ Հայաստանի, թվում էր' հասուն քաղաքականությունը, որին ես աջակցում էի իբրև երկրի առաջին արտգործնախարար, և որը դիվանագիտական հարաբերությունների հաստատում էր առաջարկում առանց նախապայմանների, այս «խաղի» արդեն 18-րդ տարում կարելի է հռչակել մեռելածին:

Տարօրինակ էր, բայց սպասված, որ Անկարայում առավել փորձառու կառավարությունը' փոխանակ վերջնականապես ճանաչի օսմանյան-երիտթուրքական իր նախնիների պատասխանատվությունը 1915թ. Մեծ եղեռնի եւ Հայրենազրկման համար կամ նվազագույնը պաշտոնական □աննախապայման□ հարաբերություններն օգտագործի դրանից ածանցվող խնդիրները քննելու ու լուծելու նպատակով, սկզբից եւեթ առաջադրեց միակողմանի մի շարք պահանջներ: Հիմնական պայմաններին' ա) Հայաստանի միջազգային □բառապաշարից□ Ցեղասպանության եւ դրա ամրագրման բացառումը, եւ բ) թուրք-հայկական դե ֆակտո սահմանի վավերացումը, որը պարտադրված էր 1921թ. քեմալա-բոլշեւիկյան դավադրավճռով, որոշ ժամանակ անց ավելացավ գ) հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ ազատության, հետստալինյան ապագաղութացման ու ինքնիշխան պետականության համար Լեռնային Ղարաբաղի մղած օրինական պայքարի բաքվամետ հանգուցալուծումը:

Անցյալում ուժերի երկկողմ անհամաչափությանը միացել է նաեւ դիվանագիտական վարքագծի ժամանակակից անհամաչափությունը, որն ընդգծվում է Թուրքիայի կողմից շարունակվող ոչ հարեւանավայել շրջափակմամբ: Սա վերջնականորեն անհնար է դարձնում, որպեսզի այլեւս ժամկետանց մեթոդաբանությամբ կամրջվի թուրք-հայկական ջրբաժանը:

Այս հաշվով Թուրքիան ճիշտ է: Ուստիեւ ողջ պատմության մեջ առաջին անգամ եկեք ամեն ինչ բերենք ու դնենք սեղանի վրա եւ դարբնենք համընդգրկուն մի նախագիծ, որը մեզ կտանի դեպի խաղաղություն, բարգավաճում եւ ընդհանուր անվտանգության համարձակ մի նոր ապագա' կողմերի եւ լայն տարածաշրջանի համար:

Այս խիզախ մանրակերտը, որը կպահանջի միջազգային հանրության կառուցողական աջակցությունը, պետք է լուծում ու «փակում» տա օրակարգում գտնվող առանցքային մի շարք կետերի.

 

1)        Ժողովրդավար վարկ վայելող շրջանային առաջատարի իր հավակնություններն ի կատար ածելու համար Թուրքիան պետք է առերեսվի հիշողության գզրոցում գտնվող իր գլխավոր մեղքի հետ, հաղթահարի տասնամյակներ ձգվող մերժողականությունը եւ հետպատերազմյան Գերմանիայի հիմնարար, բայց, ավաղ, դեռ եզակի օրինակով իր սեփական «հեղափոխական ուղին» ուրվագծի դեպի ճանաչում ու զղջում, փոխհատուցում ու ամբողջացում: Սա կարող է իրականանալ ազգայնամոլ օրենքների վերացմամբ, պատմությանն արժանին մատուցելով ու կրթությունը ճշմարտությամբ օժտելով, ներկայիս Արեւելյան Թուրքիայում մշակութային անծայրածիր ժառանգության համալիր գույքագրմամբ, ապաեւ' վերականգնումով եւ դրա հայկական ինքնության տոնախմբմամբ, ինչպես նաեւ ձեռնարկելով ու կյանքի կոչելով տունդարձի նախաձեռնությունը, որով կերաշխավորվի Ցեղասպանությունից մազապուրծ վերապրողների ու հայրենազրկվածների ժառանգների կամավոր վերադարձի իրավունքը դեպի հայոց բնօրրան:

2)        Թուրքիայի եւ Հայաստանի հանրապետությունների միջեւ ճշգրիտ սահմանազատումը հրամայական է. արդյո՞ք դա այն դե յուրե սահմանն է, որը 1920թ. նոյեմբերին հստակեցվեց եւ վճռվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահական կնիքով, թե' այն դե ֆակտո սահմանը, որը մնաց 1921թ. ռուս-թուրքական հանցագրով հայոց հայրենի ժառանգության առյուծի բաժինն ուզուրպացնելուց հետո: Ինչպիսի՞ն է ներկայում թուրքական բռնազավթման տակ գտնվող պատմական հայրենիքի իրավական կարգավիճակը, եւ արդյո՞ք Հայաստանն ունի դեպի ծով ինքնիշխան ելքի իրավունք: Այս կապակցությամբ' եւ սույն հարցերին պատասխանելու համար կողմերի դիվանագիտական բարի կամքի բացակայության պայմաններում, իրենց դիրքորոշումների ու մտավախությունների հավանական արտահայտիչը կլինի Արդարադատության միջազգային դատարանի հարկադիր իրավասության իրենց ընդունումը:

3)        Նույնը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շահերի գերակայությունը հաճախ իշխում է օրենքի գերակայության վրա, ուր արեւմտյան երկրների մեծամասնությունը հաղթահարել է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հերթապահ նախապատվություններն ու ճանաչել Կոսովոն, ինչպես դա արեցին նաեւ Ռուսաստանի Դաշնությունը եւ մի քանի այլ երկրներ Աբխազիայի պարագայում: Միջազգային օրենքի, Մոնտեվիդեոյի դաշնագրի, Արցախի անկախության հանրաքվեի ժամանակ ուժի մեջ եղած խորհրդային օրենսդրության ներքո' նրա ինքնիշխանության իրավական հիմունքները նույնքան ուժեղ են, եթե չասենք ավելի պատկառազդու, քան վերոնշյալ օրինակները: Կոսովոյի եզակիության sui generis պատճառաբանումն օգտագործվում է իբրեւ շողշողուն պիտակ, որն իրականում մատնում է մի կեղծ զանազանում' առանց, սակայն, ճշմարիտ որեւէ տարբերության: Եթե օրենքների եւ իրավունքների գերակայությունը կարեւոր է բոլոր այն երկրների համար, որոնք ճանաչեցին Կոսովոն կամ Աբխազիան, ապա նրանք անմիջապես պետք է գործի անցնեն եւ ճանաչեն ԼՂՀ-ը' նրա սահմանադրական սահմաններով: Եվ Հայաստանն ու Թուրքիան պետք է առաջնորդեն այս ուղին:

4)        Իսկ ինչ վերաբերում է «բռնագրավված» տարածքների եւ փախստականների վերադարձի հռետորաբար հավաքվող քարոզչական միավորներին, ապա Արցախի դեմ ադրբեջանական ձախողված նախահարձակ պատերազմի սույն հետեւանքների «գործը» փակված է: Եվ այն փակված կմնա մինչեւ կամ քանի դեռ. ա) Թուրքիան իր վերահսկողության տակ գտնվող հայկական գավառները չազատի բռնազավթումից եւ թույլ չտա, որ ցեղասպանվածների ժառանգներն իրականացնեն ազգային օջախ վերադառնալու իրենց իրավունքը եւ բ) Ադրբեջանը վերջ չդնի Շահումյանի, Գետաշենի ու Նախիջեւանի հայկական տարածքների բռնազավթմանը եւ չհատուցի 2005թ. դեկտեմբերին Ջուղա կոչվող մշակութային հրաշքի վայրագ ու վավերագրված ոչնչացման համար, վերադարձի իրավունք եւ հատուցում չտրամադրի Արցախից ու Ադրբեջանից 400 հազար հայ փախստականներին, չճանաչի Արցախը եւ դրանով մեկնարկ չտա վերջինիս հետ պաշտոնական բանակցություններին, որպեսզի ավարտին հասցվեն սահմանի կարգավորման ու զատման, առեւտրի ու կապի, խաղաղության ու հանրային ապահովության դրույթները:

Սրանք սոսկ մի քանի առաջնային խնդիրներ են, որոնք հարկավոր է ներառել պաշտոնական Անկարայի վաղուց ի վեր առաջադրած □փոխկապվածության□ օրակարգում: Եթե նրա այս համառ պահանջն այլ բան չէ, քան հատվածապաշտական թույլ քամի կամ քաղաքական պատասխանատվությունից փախուստ տալու եղանակ, ապա ժամանակը հասունացել է, որպեսզի բոլոր իրերը դրվեն սեղանին, քաղաքակրթորեն ներկայացվեն նախընտրելի նախա- եւ հետապայմանները եւ որոշվի, թե որ հարցերը կարող են հիմնալուծվել դիվանագիտությամբ եւ որոնք են պահանջում դիմել դատական միջազգային ատյանների օգնությանը: Ինքնին այս գործընթացը' առանց կանխորոշելու դրա արդյունքների արդյունավետությունը, կարող է ե՛ւ կողմերին, ե՛ւ նրանց գործընկերությանը □տանել□ աննախադեպ բնականոնացման հույսի ու նրանց ժողովուրդների միջեւ երկար սպասված հաշտության հեռանկարի:  

Քաղաքականություն ստեղծողների եւ վերլուծողների համար հավասարապես ի գիտություն. ճանապարհը դեպի ժողովրդավարական արժեքների ու համաշխարհային անվտանգության նորդարյա համայնքի մեջ տարածաշրջանային սերտաճում, դեպի Կովկաս, Կենտրոնական Ասիա եւ Աֆղանստան, դեպի էներգետիկ աղբյուրների ապահովում ու ռազմավարական այլ առաջնահերթություններ ուղղակի անցնում է վաղուց անպատկան մնացած, սակայն այսօր տեկտոնիկ դարձած հինավուրց Հայաստանի «մահադաշտերով»: Եթե ապագան իմաստավորվելու իրավունք ունի, ապա ՆԱՏՕ-ին որեւէ անդամակցություն, աշխարհաքաղաքական որեւէ մեծամտություն կամ էլ չափավոր իսլամական որեւէ ցուցադրականություն չեն կարող կանխել «ռենեսանսի» և «ռեալպոլիտիկի» վերջնական ներդաշնակությունը:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը