Լրահոս

25.10.2010 18:13


Եգիպտոսում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Աֆրիկյան Միության հանձնաժողովին

Հոկտեմբերի 25-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, Աֆրիկյան Միության հանձնաժողովի նախագահ Ժան Փինգին է հանձնել Աֆրիկյան Միությունում դիտորդ, լիազոր ներկայացուցիչ նշանակվելու մասին հավատարմագրերը եւ փոխանցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

 Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Աֆրիկյան Միության միջեւ, ինչպես նաեւ երկկողմ հարթությունում անդամ պետությունների հետ տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման եւ խորացման հեռանկարները։ Արմեն Մելքոնյանը Ժան Փինգին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ակտիվ ներգրավվածությունը միջազգային եւ տարածաշրջանային գործընթացներում, պարզաբանումներ է տվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացի շուրջ։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է նաեւ պատմության տարբեր հանգրվաններում հայերի ներդրումը մի շարք աֆրիկյան երկրներում՝ ինչպես օրինակ Եգիպտոսում, Սուդանում եւ Էթովպիայում։

Նախագահ Ժան Փինգը ողջունել է Աֆրիկյան Միությունում դիտորդի կարգավիճակով ներկայացված լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, եւ իր գլխավորած կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել մեր երկրի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելու հարցում։

Այս խորագրի վերջին նյութերը