Լրահոս

20.08.2016 14:25


Իրանագետ. «Տարածաշրջանում Ռուսաստանի ամրապնդումը նպաստավոր է Հայաստանի համար»

Իրանագետ. «Տարածաշրջանում Ռուսաստանի ամրապնդումը նպաստավոր է Հայաստանի համար»

–Տարածաշրջանային տեսանկյունից՝ ռուս-իրանական ռազմական համագործակցությունը որակապես նոր փուլ է թևակոխելու։ Եթե մինչ այժմ այն բնութագրվում էր ռազմատեխնիկական համագործակցությամբ, ապա հիմա գործ ունենք ռուս-իրանական օդատիեզերական համագործակցության ձևաչափի հետ,այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ, իրանագետ Կարեն Մկրտչյանը՝ խոսելով Իրանում ռուսական ավիաբազայի ստեղծման մասին:

Իրանագետը ընդգծել է մի քանի դրույթներ, որոնք, նրա կարծիքով, ունեն քաղաքական հրատապ նշանակություն: Նա նշել է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումից հետո ռուսական կողմն այսուհետ իր դիրքերն ամրապնդելու է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում՝ Սիրիայում և Իրանում:

Իրանի կողմից որևէ պետության ռազմական ներկայություն ապահովելու թույլտվությունը բացառիկ է, և ռուսական կողմի համար սա քաղաքական և դիվանագիտական հաջողություն է: Իրանական կողմի համար այն ևս կարևոր նշանակություն ունի, քանի որ իրանական կողմը, ամրապնդելով իր լծակները, ձեռք է բերում ազդեցիկ լծակներ տարածաշրջանում,– ասել է Կարեն Մկրտչյանը:

Խոսելով Հայաստանի վրա Իրանում Ռուսաստանի ռազմական ավիաընկերության ստեղծման ազդեցությունից՝ Մկրտչյանը նկատել է, որ ՀՀ-ի համար այն նպաստավոր է, քանի որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, Ռուսաստանն էլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է.

–Տարածաշրջանում Ռուսաստանի ամրապնդումը նպաստավոր է Հայաստանի համար, բացի այդ, Իրանի հզորացմամբ՝ հետին պլան է մղվում Թուրքիան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը