Մեկնաբանություն

23.08.2016 08:40


Ստեփանակերտից «հերքելով» հաստատում են

Ստեփանակերտից «հերքելով» հաստատում են

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցից օրեր անց Ստեփանակերտում վերջապես քնից արթնացան (թերևս ոչ առանց Բ26-ի միջամտության) և որոշեցին հուժկու ձևով հակադարձել ու հերքել: Բայց ստացվեց ճիշտ հակառակ բանը:

Ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող, ադեկվատության սուր դեֆիցիտով տառապող և ԼՂՀ ԱԺ պատգամավորի դեմ բանդիտական գործողությունն արդարացնող Դավիթ Բաբայանը, ով հայկական կողմի զիջումներից խոսող Բակո Սահակյանի մամլո խոսնակն է, հայտարարել է, թե տարածքների հանձնման հարց ՀՀ իշխանությունները չեն քննարկում Ղարաբաղի թեմայով բանակցությունների ժամանակ:

«Իհարկե, հնարավոր չեմ համարում (նկատի ունի տարածքների հանձնման թեմայով բանակցությունները- 7or.am), ի՞նչ տվյալներ ունի ինքը, այսինքն՝ եթե այդ բանակցությունները գնում են փակ ռեժիմում, ո՞վ է իմանում, թե ինչ են խոսել: Եկեք տրամաբանորեն մոտենանք՝ Երևանը քանի՞ անգամ է ասել, որ պաշտոնական Երևանի համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որն ընդունելի է պաշտոնական Ստեփանակերտի համար: ... Չի կարելի անընդհատ խոսել ինչ-որ բանի մասին, որը պարզապես գոյություն չունի»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի հարցազրույցի այն հատվածին, որտեղ նա խոսում է հայկական կողմի՝ տարածքները հանձնելու հարցում մշտապես «այո» ասելու մասին:

Սահակյանի մամլո խոսնակը նաև «ռազմահայրենասիրական» հայտարարություն է արել Քելբաջարի մասով՝ նշելով, որ դա ջրային պաշարների առումով ռազմավարական տարածք է, և հնարավոր չէ, որ այդ տարածքի հանձնման պահով Երևանը բանակցած լինի:

Ըստ ամենայնի՝ կա՛մ Դ. Բաբայանն անտեղյակ է, կա՛մ իրեն անտեղյակի տեղ է դրել:

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը բազմիցս, այդ թվում՝ օտարերկրյա լրատվամիջոցների հետ զրույցում, հայտարարել է, որ ինքը կողմ է տարածքներ զիջելուն (ռազմական գործողությունների արդյունքում Թալիշի ու հարավարևելյան ուղղությամբ արդեն իսկ զիջել է և զիջածն էլ համարում է անպիտան): Դա եղել է և՛ սիրական «Ալ Վաթանի» հետ զրույցում, և՛ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո «Բլումբերգի» թղթակցին հյուրընկալելիս: Ընդ որում՝ Սարգսյանը դա արել է առանց Ստեփանակերտի կարծիքը հաշվի առնելու, քանզի Ղարաբաղի ղեկավարությունը վերջին տարիներին ամբողջությամբ զրկվել է ինքնուրույնությունից և վերածվել Բ26-ից իջեցված հրահանգներ կատարող օբյեկտի:

Մեջբերենք մի փոքր հատված «Ալ Վաթանի» ու Սերժ Սարգսյանի զրույցից:

«Դուք բազմիցս նշել եք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղ բանակցությունների միջոցով փոխադարձ զիջումների վրա: Որո՞նք են այդ զիջումները Հայաստանի պարագայում»,- հետաքրքրվում է լրագրողը:

Սարգսյանն, ի պատասխան, նշել է հետևյալը. «Արցախի ժողովուրդը կարողացավ համախմբվել և պաշտպանել իր հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին և ծերերին: Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին»:

Ապրիլյան մարտերից հետո ՀՀԿ ղեկավարը համաձայնել է հակամարտության լուծման կազանյան տարբերակին, ինչը նախատեսում է փուլային տարբերակով յոթ շրջանների, այդ թվում՝ Դավիթ Բաբայանի կողմից ռազմավարական որակված Քելբաջարի հանձնում Ադրբեջանին, ադրբեջանցիների վերադարձ Լաչինի ու Շուշիի շրջան, Հայաստանն ու Ղարաբաղը կապող Լաչինի փոքրիկ միջանցք, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ ապագային, այսինքն՝ Ղարաբաղը դիտարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ:

Սարգսյանն այս ծրագրին ասել է «այո», Ալիևը՝ առայժմ «ոչ»: «Ոչ», քանի որ դեմ է խաղաղապահների մուտքին, համ էլ՝ ուզում է ամբողջ Ղարաբաղն ու չի ընդունում նույնիսկ «Լաչինի միջանցք» ձևակերպումը: Պաշտոնական Երևանի հույսն այժմ Բաքվի «ոչ»-ի վրա է:

Ստեփանակերտի «վերևներում» այս ամենը լավ գիտեն և, ի դեպ, ծպտուն չեն հանել կազանյան փաստաթղթի թեմայով լռությունը համաձայնության նշան է ծրագրի շրջանակներում:

Հիմա եթե Ստեփանակերտից Սամվել Բաբայանի դեմ կռիվ են տալիս՝ փորձելով այդ ձևով դիմադրել ՀՀԿ ղեկավարի ղարաբաղյան մոտեցումներին և Սերժ Սարգսյանին հասկացնել, որ դեմ են միակողմանի զիջումներին, ապա դա կարելի է ընդունել և հասկանալ: Իսկ եթե ուղղակի դեմագոգիայով են զբաղված, ապա դա արդեն անընդունելի է: Մարդկանց հիմարացնել կարելի է կարճ ժամանակահատվածում, բայց բոլորին ու երկար ժամանակով հիմարացնել չի հաջողվել ու չի հաջողվելու որևէ մեկին: Գալու է նաև արածի ու չարածի համար պատասխան տալու ժամանակը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը