Մեկնաբանություն

23.08.2016 15:35


Սարգսյանը դեռ «դասեր է քաղում»

Սարգսյանը դեռ «դասեր է քաղում»

Սասնա ծռեր խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց մի քանի օր անց՝ հուլիսի 22-ին, Սերժ Սարգսյանը հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարեց. «Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ ևս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք»:

Դե, մտածեցինք՝ արտակարգ իրավիճակում մարդը պատճառների մասին խոսելու ժամանակ ո՞նց ունենար (հազիվ կարողանար հասցնել «դասեր քաղել»): Խմբի զինաթափումից եւ իրավապահներին հանձնվելուց հետո, թվում էր, թե ա՛յ հիմա ՀՀԿ ղեկավարը, որը դժվարին ու պատասխանատու օրեր է ապրել, վերջապես կխոսի պատճառների մասին: Ավաղ, օգոստոսի 1-ին էլ «մոռացավ» խոսել «Սասնա ծռերի» գործողության բուն պատճառների մասին, թեեւ նախագահականում էր հավաքել իշխանական, մշակութային եւ այլազան «էլիտային» եւ նրանց առջեւ ելույթ էր ունենում:

Իրավիճակի հանգուցալուծման գործում մեծ ներդրում ունեցողներին երկար շնորհակալություն հայտնեց, բայց ելույթում անգամ մեկ նախադասություն չկար պատճառների մասին: Կարելի էր կարծել, թե «այսքան ուրախ կյանքը մեր» իրականության մեջ ապրող ինչ-որ անմեղսունակներ ուղղակի, «հավեսի համար» դիմել էին զինված ապստամբության: Ինչեւէ:

Սրան հաջորդող իրադարձությունները հայտնի են. Սարգսյանը շարունակում էր այս ու այն երկրի ղեկավարությանը շնորհավորհական կամ ցավակցական ուղերձներ ու հեռագրեր հղել: Իսկ հետո էլ մեկնեց Մոսկվա, այնուհետ՝ Ռիո՝ օլիմպիական խաղերը դիտելու եւ լիցքաթափվելու համար: Դե, հիմա էլ կարճատեւ արձակուրդի է մեկնել եւ դարձյալ երկրում չէ: Երեւի, նախագահականի կադրերի բաժինը պարտադրաբար ուղարկեց արձակուրդ (խստորեն պահպանելով օրենքի տառը): Այլապես չէր մեկնի, կմնար ու անպայման կխոսեր հուլիսյան ապստամբության պատճառների մասին: Թարսի պես արձակուրդը մեջտեղ ընկավ: Ու Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում անելու, քան շարունակել «դասեր քաղելը»: Խեղճին մի ամիս է՝ «զրկում» են պատճառների մասին խոսելու հնարավորությունից, կամ էլ «հանգամանքներից» ելնելով՝ ստիպված մնում է «դասեր քաղելու» շրջանակներում։ Պատճառները «գայլ չի, անտառ չի փախչի»: Ոչինչ, առանց դրանց մասին խոսելու էլ կարելի է «դասեր քաղել»:

Եվ ահա, Հայաստանից դուրս, Լիբանանի խորքից հնչում է մի ձայն: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն է Պիքֆայայի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ հավատացյալների առջև ելույթ ունենում եւ խոսում Հայաստանում առաջացած վերջին ճգնաժամի մասին:

«Զգո՜յշեթէ փտածութիւնը դառնայ բնական երեւոյթ, ժողովրդային ընդվզումը ծաւալի եւ արտագաղթը շարունակուի նոյն թափով, Հայաստանի պետականութեան հիմքերը կրնան խախտիլ... Արդ, հասած է պահը ինքնաքննութեան՝ անկեղծ եւ իրապաշտ մօտեցումով. հասած է պահը մանաւանդ գործնական քայլերու դիմելու այսօ՛ր, վաղը կրնայ ո՜ւշ ըլլալ։ Իրաւունք չունի՛նք ժողովուրդը աղքատութեան տիղմին մէջ խրած պահելու։ Տնտեսական տագնապը կը դառնայ աղբիւր ամէն տեսակ չարիքի... Իրաւունք չունի՛նք ծով զոհողութեամբ իր անկախութեան վերատիրացած Արցախին գծով լպրծուն ու երկդիմի մօտեցումներ ունենալու, որոնք կրնան վտանգել Արցախի անկախութիւնը...»-գոչում է Արամ Առաջին Կաթողիկոսը:

Նա հայրենիքում չի ապրում, բայց շատ լավ գիտի Հայաստանում տիրող իրավիճակը. արտագաղթը, աղքատությունը, կառավարման փտածությունը տնտեսական տագնապը, Արցախի հարցում գործող իշխանությունների լպրծուն եւ երկդիմի մոտեցումները: Ահա եւ պատճառների ոչ ամբողջական ցանկը, որ թվարկում է Արամ Առաջին Կաթողիկոսը: Իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է լռել: Դե, պարզ է. եթե նա սկսի անկեղծորեն խոսել պատճառների մասին, ապա դա կնշանակի խոսել իր դեմ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը