Մեկնաբանություն

23.08.2016 19:05


Հովիկ Աբրահամյանը գնում է Տիգրան Սարգսյանի հետքերով

Հովիկ Աբրահամյանը գնում է Տիգրան Սարգսյանի հետքերով

ՀՀ ազգային վճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա հուլիս ամսին արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ։ Ըստ այդմ՝ մենք ունենք 4,3 տոկոսանոց անկում։

Անկում է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ուղղություններով։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2015–ի հուլիսի համեմատ կրճատվել է 3,8 տոկոսով, շինարարության ծավալը՝ 6,8 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 1 տոկսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 8,9 տոկոսով, միջին ամսեկան անվանական աշխատավարձը՝ 0,5 տոկսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 1,3 տոկոսով։

Սրանք, կրկնենք, պաշտոնական տվյալներն են, որոնք ցույց են տալիս, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնում է տխրահռչակ Տիգրան Սարգսյանի հետքերով։

Ճիշտ է, գործող վարչապետն իր նախորդին դեռ չի հասել, սակայն միտումները ցույց են տալիս, որ կարող է հասնել և նույնիսկ անցնել։

Տեղին է հիշեցնելը, որ Աբրահամյանի կառավարությունը վերջին ամիսներին չհայտարարված սեկվեստր էր իրականացրել՝ բյուջետային ծախսերի համամասնական կրճատում իրականացնելով։

Հարց է առաջանում, թե ուր մնաց բիզնեսին խրախուսելու, մրցակցային դաշտ ապահովելու, գործ անող մարդկանց կողքին կանգնելու կամ առնվազն նրանց չխանգարելու խոստումները։ Տնտեսական ցուցանիշները վկայում են, որ բիզնես միջավայրի բարելավում, մեղմ ասած, չկա։

Հարկ է նկատել, որ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը ոչ մի բարեփոխում չիրականացրեց և չէր էլ կարող իրականացնել, քանզի չկա բարեփոխում անելու կարողությունը։ Քաղաքականության մեջ կենցաղային «շուստրիությամբ» բարեփոխում չես անի, սրա կամ նրա հետ լեզու գտնելով և բացառապես պաշտոնը պահելու մտածողությամբ տնտեսություն չես զարգացնի ու ներդրումներ չես բերի։

Հովիկ Աբրահամյանը վարչապետ դարձավ հանգամանքների բերումով ու հիմա այլ հանգամանքներով պայմանավորված է մնում իր աթոռին։ Արդյունքները տեսանելի են բոլորին։ Այդ թվում՝ Ազգային վիճակագրական ծառայությանը, որն իր բոլոր «ունակություններով» հանդերձ չի կարողացել թաքցնել այն, ինչն ավելի սուր վիճակում իրենց մաշկի վրա զգում են ՀՀ քաղաքացիները։

Ո՞րն է այս դեպքում Հովիկ Աբրահամյանի առաքելությունը։ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում ձախողված Սերժ Սարգսյանին ծառայե՞լը և «տակից» պետական ապարատին հույսով անե՞լը։ Հարցերը հռետորական բնույթ են կրում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը