Քաղաքական

26.08.2016 20:08


«Համախմբումը» Գյումրիում և Վանաձորում իշխանափոխության հայտ է ներկայացնում

«Համախմբումը» Գյումրիում և Վանաձորում իշխանափոխության հայտ է ներկայացնում

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն այսօր Վանաձորում հայտարարեց, որ պատրաստվում են Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու հայտ ներկայացնել: Հրապարակելով կուսակցության համամասնական ցուցակը՝ կուսակցության ղեկավար՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Օսկանյանն ասաց, թե իրենց համար բարոյական պարտականություն է՝ մասնակցել Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:

Ըստ նրա՝ առանց նոր մոտեցումների, առանց մեծ ռեսուրսների, Գյումրիում և Վանաձորում հնարավոր չէ՝ հասնել արմատական փոփոխությունների:

«Առանց էական փոփոխություններրի, խիզախ քայլերի, աջակցության, նաև մեծ ռեսուրսների ներգրավման իսկապես հնարավոր չի ոչ Վանաձորում, ոչ Գյումրիում առաջընթաց արձանագրել»,- շարունակեց նախկին արտգործնախարարը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, Օսկանյանը հայտարարեց, թե բավարար ձայներ չհավաքելու դեպքում իրենք պատրաստ են համագործակցել այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնց հետ հնարավոր կլինի կոալիցիա կազմել և ընդդիմադիր դաշտից քաղաքապետ ընտրել.

«Իհարկե, եթե առանձին մենք մեծամասնություն չունենք, և պետք է ավագանի ձևավորել ու քաղաքապետ ընտրել այլոց հետ, բնականաբար, ստեղծված իրավիճակում մենք պատրաստ ենք բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք իրոք ընդդիմադիր դաշտում են, անկեղծորեն ուզում են փոփոխություններ, նրանց հետ համագործակցել»:

«Համախմբումը» 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հատկապես կարևորում է իշխանության փոփոխությունը Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում:

«Ընդդիմության հաղթանակն այս երկու մեծ քաղաքներում սկիզբ է դնելու ինչ-որ գործընթացի, որը, ես համոզված եմ, վերջիվերջո ավարտվելու է 2017 -ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանափոխությամբ»,- նաև ասաց Օսկանյանը:

«Համախմբում» կուսակցության ցուցակը գլխավորում է Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Վահան Ղույումչյանը:

«Ազատության» հետ զրույցում Ղույումչյանն ասաց՝ ինքն անպայմանորեն քաղաքապետ դառնալու հավակնություն չունի, սակայն պատրաստ է ծառայել ժողովրդին: Ասում է՝ իր առջև խնդիր է դրել փոխելու կարծրատիպերը.

«Այսինքն, մենք պետք է հասնենք նրան, որ մեր ժողովուրդը հասկանա, որ ապագայի հնարավորություն կա»,- ասաց Ղույումչյանը:

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը