Մեկնաբանություն

27.08.2016 08:35


Ֆլեշմոբի մի քանի սցենար

Ֆլեշմոբի մի քանի սցենար

ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի հիմնադրամը մրցույթ է հայտարարել: Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգով՝ Անկախության 25-ամյակ: Մրցույթին ներկայացված ծրագրով անհրաժեշտ է նախատեսել առնվազն երեք ֆլեշմոբի կազմակերպում:

Ուրեմն այսպես, ես առաջարկում եմ ոչ թե երեք, այլ բազմաթիվ ֆլեշմոբերի նախագիծ կամ սցենար:

1. Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության հետևանքով մեր պետության կրած վնասների մասին հրապարակավ բարձրաձայնել փողոցներում և հրապարակներում՝ մասնավորապես ցուցադրելով Թուրքիայում ֆուտբոլ դիտելու տեսարանը, երբ ՀՀԿ ղեկավարն ուրախությունից «թռչկոտում» էր Գյուլի երեսին ու ծափ էր տալիս այն բանից հետո, երբ մեր դարպասին թուրքերը գոլ խփեցին:

2. Թատերականացված բեմադրության տեսքով ցուցադրել Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորի չկայացած չվերթը, ինչի մասին նա խոստանում էր դեռ 7 տարի առաջ:

3. Ծիծեռնակաբերդի տարածքում գիշերային ժամերին անցկացնել ֆլեշմոբ՝ նվիրված հուշահամալիրի լույսերն անջատելուն և մեր մարզիկների մարզաշապիկների վրայից Արարատ լեռան պատկերը հանելուն (Գյուլի այցի օրերին): Ի դեպ, սա կարելի է շատ դինամիկ, պատկերավոր բեմավիճակների միջոցով լուծել:

4. Կազմակերպել ակտիվ ռազմահայրենասիրական ոգով ֆլեշմոբ՝ ներկայացնելով, թե ինչպես է ՀՀԿ ղեկավարը ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ մոտ չորսամյա բանակցություններից հետո միանձնյա որոշմամբ ՀՀ-ն մտցնում ԵՏՄ:

5. Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վեցամյա գործունեությունը պատկերող ֆլեշմոբի անցկացում՝ տնտեսական անկման ցուցանիշների, չաշխատող բիոզուգարանների և «օֆշորային սկանդալի» հերթագայող կադրերի ուղեկցությամբ՝ «Բարո՜վ եկար, սիրո՛ւն կռունկ» երգի հնչյունների ներքո (այս ֆոնին հավելելով Հովիկ Աբրահամյանի ֆիգուրը, որի գործունեությունը նմանվում է նախկին վարչապետի գործունեությանը):

6. Ֆլեշմոբ՝ նվիրված Պոզներ-Սարգսյան «պատմական» հարցազրույցի անխոս տեսարաններին, ինչպես նաև ԵՏՄ նիստի ժամանակ Նազարբաևի խոսքին չպատասխանող Սարգսյանի կեցվածքին ու բոլոր միջազգային հավաքներում ՀՀԿ ղեկավարի քնած դիրքին:

7. Ֆլեշմոբ՝ նվիրված հայտնի օդանավային ասուլիսին, որտեղ Սարգսյանը 800 հեկտարը ռազմավարական տարածք չի համարում: Չորս օրում մարդկային և տարածքային աննախադեպ կորուստներից հետո մեկնում է Մոսկվա՝ հարսանիքի:

8. Վերջին ութ տարում արտագաղթած ՀՀ քաղաքացիներին նվիրված ֆլեշմոբ, ինչը հաստատ կարելի է դիտարժան բեմադրել: Ինչպես նաև՝ արտաքին պարտքը եռապատկող սարգսյանական «իմաստուն» քաղաքականությունը:

9. Մեր հայրենիքի տարածքները զիջելու Սարգսյանի և նրա կուսակցության բանադրանքին նվիրված ֆլեշմոբը ևս կարող է հետաքրքրաշարժ լինել:

10. «Սասնա ծռերի» հուլիսյան զինված ապստամբությանը նվիրված ֆլեշմոբը կարելի է անցկացնել հե՛նց ՊՊԾ գնդի տարածքում, որն ավարտվում է Մելիք-Ադամյան փողոցում, որտեղ «ծուռ» ժողովուրդը սառցեջրով լի դույլերը լցնում է ՀՀԿ ղեկավարին հավատարիմ ՀՀԿ-ականների գլխին՝ ի նշան իրենց առաջնորդի տապալման:

Ահա՛ իմ առաջարկած ֆլեշմոբերի ոչ ամբողջական ցանկը: Սակայն Կարեն Ավագյանի «Երիտասարդական հիմնադրամի» հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 ՀԿ (ես ՀԿ չունեմ): Եվ նախագահականը միլիոններ է հատկացնելու իր իսկ կողմից բստրված յուրային կազմակերպություններին, որոնք, բնականաբար, վերոնշյալ բովանդակությամբ ֆլեշմոբեր չեն անցկացնելու: Ո՞ր մի ձախողված իշխանությունն է իր իսկ «սֆաթը» հրապարակայնորեն ցուցադրում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը