Լրահոս

16.12.2009 15:48


ՀԱԿ–ի և ՀԺԿ–ի հետագա ճակատագրի մասին

ՀԱԿ–ի և ՀԺԿ–ի հետագա ճակատագրի մասին

-2009-ը, ցավոք, ձեռքբերումների տարի չէ, և պակաս դժվար չի լինելու 2010-ը,- «Դե ֆակտո» ակումբում հայտարարել է «Հայ ազգային կոնգրեսի» մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի, այդ թվում նաև իշխանություն-ընդդիմություն երկխոսության և այլ հարցերի լուծման միակ ճանապարհն արդար ընտրություններն են, որոնք, ըստ Ս. Դեմիրճյանի, որքան շուտ անցկացվեն, այնքան լավ։

-Առհասարակ ընտրությունների մասին հիմա վաղաժամ է խոսելը. կարևորը պետք է ընտրությունները կեղծելու ավանդույթին վերջ տալ, անկացնել արդար, նորմալ համապետական ընտրություններ, և դրանից հետո համոզված եմ՝ շատ հարցեր կլուծվեն, և դա՛ է նախապայմանը մեր հետագա զարգացման,- ասել է ՀԺԿ նախագահը։

Այդ ընտրություններին ՀԺԿ-ն միայնա՞կ կմասնակցի, թե ՀԱԿ-ի հետ «7օր»-ի հարցին Ս. Դեմիրճյանը պատասխանել է, որ այդ հարցը հիմա չի քննարկվում.

-Սակայն պետք է նաև ասեմ, որ ՀԺԿ-ն միշտ էլ եղել է համախմբման կողմնակից և դա ապացուցել է կոնկրետ քայլերով, մասնավորապես հենց այդ պատճառով ընդդիմադիր հզոր բևեռ ձևավորելու նպատակով ես չառաջադրվեցի անցած նախագահական ընտրություններում։

Այսօր օրակարգում չկա նաև «Հայ ազգային կոնգրեսի»՝ կուսակցություն դառնալու հարցը.

-Չնայած ես բազմիցս եմ ասել, որ կողմնակից եմ կուսակցությունների խոշորացմանը։ Լավ կլինի, որ գաղափարական հենքի վրա իրականացվի կուսակցությունների միաձուլում։

Ինչ վերաբերում է 2009-ին ՀԱԿ-ի ձեռքբերումներին և բացթողումներին, Ս. Դեմիրճյանն ասել է, որ իրենց առաջին հերթին հետաքրքրում են երկրի՛ ձեռքբերումները։

-Ես չէի էլ ուզենա խոսել ընդդիմության ձեռքբերումների մասին, քանի դեռ երկրում չեն իրականացվել որակական փոփոխություններ,- նշել է ՀԺԿ նախագահը՝ որպես դրական հանգամանք նշելով այն, որ հանուն որակական փոփոխությունների տարիներ առաջ սկսված պայքարը շարունակվում է։

Ընդդիմության բացթողումների մասին խոսելիս էլ նա նշել է, որ բոլոր դեպքերում ընդդիմությունը պետք է սթափ գնահատի իր անցած ուղին, համապատասխան վերլուծություններ, եզրակացություններ անի, որպեսզի առավել արդյունավետ դարձնի իր պայքարը։

-Կարծում եմ՝ այդ ամենը կարվի,- հայտարարել է Ս. Դեմիրճյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը