Մեկնաբանություն

29.08.2016 09:35


Հանձնած բնագծերն ու կարմիր կետագծերը

Հանձնած բնագծերն ու կարմիր կետագծերը

Իշխանությունները փորձում են փոխհատուցել ապրիլյան մարտերի արդյունքում կորցրածը: Ղարաբաղի տարածքում կորցրած ռազմավարական բնագծերի փոխարեն Երևանում ավելանում են կարմիր կետագծերը: Արդեն մտնում են կիսաբակային տարածքներ (հոդվածին կից լուսանկարում Երևանի Տպագրիչներ-Վարդանանց փողոցների հատման հատվածն է):

Չի բացառվում, որ մի օր Բ26-ից, կարմիր ներկն առած, մտնեն նաև բակեր և կարմիր կետագծերի մեջ առնեն դրանք: Ամեն ինչ կախված է ՀՀ քաղաքացիներից: Եթե դիմադրություն չլինի, ապա փոքրաթիվ խաղահրապարակներում էլ կարմիր կետագծեր կլինեն: Հետո կարմիր ներկով կմտնեն մարզեր, սկզբում՝ մարզկենտրոններ, ապա՝ գյուղեր:

Կրկնեմ՝ եթե դիմադրություն չլինի, և եթե հանրություն-իշխանություն ուժերի հաշվեկշիռը չփոխվի, ապա Սերժ Սարգսյանին ոչինչ չի խանգարի զարգացնել սեփական հաջողությունը և կարմիր ներկով մտնել արդեն շենքերի մուտքեր, ինչպես նաև տեսախցիկներ տեղադրել մարդկանց տներում, հատկապես խոհանոցներում (ինքը կուզենա տեսնել, թե ով ինչ ունի ուտելու և հարկ սահմանի ըստ ուտելիքի կալորիականության):

Այս իշխանություններին չի մտահոգում հանձնված բնագիծը, քանի որ իրենք Թալիշը համարում են անպետք տարածք (Թալիշում կարմիր կետագծեր չկան): Միակ բանը, որ մտահոգում է սրանց, Հայաստանը կարմիր կետագծերով պատված երկրի վերածելն է:

Հանրության մտահոգությունն այս դեպքում պետք է լինի հարստահարիչներին կարմիր կետագծերից այն կողմ շպրտելը: Իսկ դա հնարավոր է միայն քաղաքական գործընթացների միջոցով: Այնպես որ, ուզենք թե չուզենք, պետք է քաղաքական ու համախմբված պայքար մղել, այլ ոչ թե հախուռն քայլեր իրականացնել ու հետո զարմանալ, թե ինչու լավ չստացվեց:

Կորյուն Մանուկյան

Լուսանկարը՝ Քաջիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը