Քաղաքական

16.12.2009 17:35


Լևոն Տեր–Պետրոսյանը վախեցել է ու ամաչե՞լ Արցախի ազատամարտից

Լևոն Տեր–Պետրոսյանը վախեցել է ու ամաչե՞լ Արցախի ազատամարտից

-1991-ից սկսած՝ հայ ժողովուրդը միաժամանակ աշխատել է իրար հակասող երկու ռազմավարությունների ուղղությամբ։ Արցախի ազատագրումը մի ռազմավարության դրսևորում է, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին անդամակցելիս Թուրքիայի ամբողջականության ճանաչումը՝ մեկ այլ։ Եվ այս երկուսը տեղի է ունենում միաժամանակ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արմեն Աղայանը։

Նա նշել է, որ ի սկզբանե մենք ամաչել ենք, որ ազատագրել ենք մեր հայրենիքը։

-Մեր հանրապետության նախագահն ու արտգործնախարարը (այն ժամանակ դեռ լևոնենք) փախչում էին յուրաքանչյուր հարձակողական գործողության ժամանակ՝ քաջ իմանալով, որ այդ գործողությունները լինելու են։ Նրանք փախչում էին, որ ազատվեն միջազգային պատասխանատվությունից։ Սա գավառամտության դասական դրսևորում է։ Չնայած այդ մարդիկ հիմա շատ ինտելեկտուալ են ներկայանում, շատ խորաթափանց են երևում, բայց դա գավառամտություն է։ Այդ վախկոտությունը շատ մեծ վնաս հասցրեց մեզ,-ասել է քաղաքագետը։

Նա նշել է, որ այս մտածողությունը սեփական հայրենիքն ազատագրելու համար մարդկանց դարձրեց  հանցագործ։

-Եթե մեր նախագահն ամաչում է ու դրա պատասխանատվությունը չի վերցնում իր վրա, ապա մնացածը, ովքեր իրականացնում են դա կամ ուրախանում այդ հաղթանակով՝ դառնում են հանցագործ,-նշել է Արմեն Աղայանը։

Նա նշել է, որ ՀՀ առաջին նախագահն ամաչել է Շուշիի ազատագրումից։

-Գիտե՞ք՝ ինչու ենք մենք Շուշիի ազատագրման օրը նշանակել հաղթանակի օրը, որպեսզի երբ տոնենք այդ հաղթանակը, չընկալվի, որ Շուշիի գրավման օրն ենք տոնում, այլ ասենք, թե  հաղթանակի օրն ենք տոնում։ Ամաչում էին Շուշին ազատագրելու համար։ Այդ օրերին ՀՀ  նախագահը գնաց Թեհրան, իսկ արտգործնախարարը՝ Դամասկոս, թե ուր, չեմ հիշում,-ասել է քաղաքագետը։

Նա նշել է, որ Քարվաճառի ազատագրման օրերին էլ նույն պատմությունն է եղել, և նույնիսկ հորդոր է եղել, որ պետք չէ ռազմական գործողություններ ծավալալ, և պատճառաբանությունն այն է եղել, որ մեզ դրա համար խստորեն կպատժեն։

-Սա է եղել ռազմական գործողությունների խայտառակ մեթոդը։ Ես չեմ կարծում, թե այդ մարդիկ իրենց խելքը չեն օգտագործել. հակառակը՝ խելքը չափից ավելի շատ են օգտագործել, բայց օգտագործել են ավելի շատ իրենց վախկոտության վրա,-ասել է Արմեն Աղայանը։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը