Քաղաքական

30.08.2016 16:08


ԼՂ դատախազությունը կարճել է Հայկ Խանումյանի ծեծի քրգործը

ԼՂ դատախազությունը կարճել է Հայկ Խանումյանի ծեծի քրգործը

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում օրը ցերեկով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին դաժան ծեծի ենթարկողները կմնան անպատիժ։ Ղարաբաղի դատախազությունը կարճել է քրեական գործն ու դադարեցրել քրեական հետապնդումը գործով մեղադրվող 4 քաղաքացիների նկատմամբ։ Ընդդիմադիր գործիչը այսօր է ստացել դատախազության նամակը, սակայն պնդում է՝ այս որոշումը դեռ վաղուց էր հայտնի։

«Բարձրաստիճան պաշտոնյաները չէին թաքցնում, որ որևէ կերպ չեն ուզում, որպեսզի մեղադրյալները պատիժ կրեն, ինչից մենք մի հետևություն ենք անում, որ այս ամբողջ ծեծը, առևանգումը և այլն մշակված է եղել հանրապետության նախագահի սենյակում, նախագահի համաձայնությամբ, և, բնականաբար, մարդիկ իրենք իրենց չեն պատժելու»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը:

Քրեական գործի կարճումը դատախազությունը պատճառաբանել է Ղարաբաղի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ, մինչդեռ ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ բռնություն կատարողները չէին ազատվի պատասխանատվությունից, եթե իրավապահները ծանր հանցագործություն համարվող առևանգելու մեղադրանքը չփոխարինեին միջին ծանրության՝ խուլիգանության հոդվածով։ Խանումյանը բողոքարկել էր այս որոշումը, սակայն դատախազությունը մերժել էր դիմումը։

«Այսինքն, Արցախում որևէ կերպ չեն կարողանում ակտիվ քայլեր հանդուրժել: Այսինքն, եթե ինչ-որ ձևով քննադատությունը հանդուրժելի է, ապա դրան հաջորդող քայլերը ամբողջովին անհանդուրժելի են, և փոքր-ինչ վտանգ տեսնելու դեպքում իշխանությունները անմիջապես անցնում են ապօրինի միջոցների, անմիջապես անցնում են բռնության», - նշեց ընդդիմադիր գործիչը:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը