Լրահոս

26.10.2010 18:14


Սամվել Բալասանյան. «Ալիևյան հայտարարությունը հիմնված է գեբելսյան պրոպագանդայի հիմնական սկզբունքների վրա»

Սամվել Բալասանյան. «Ալիևյան հայտարարությունը հիմնված է  գեբելսյան պրոպագանդայի հիմնական սկզբունքների  վրա»

ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Բալասանյանը ԱԺ հայտարարությունների ժամին ասել է, թե Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարության մեջ ՀՀ-ի տարածքը ադրբեջանական պատմական տարածքներ հռչակելու փաստը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններում իր ռազմավարությունը լրացրել է ևս մեկ բաղադրիչով։

-Այս բաղադրիչն իր առկայությամբ վկայում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության  զարգացումների և հայ–ադրբեջանական հարաբերությունների որակական նոր փուլի ձևավորման մասին։ Ալիևյան հայտարարությունը՝ որպես քարոզչություն, իր էությամբ և նպատակով ամբողջությամբ հիմնված է  գեբելսյան պրոպագանդայի հիմնական սկզբունքների  վրա։ Նրա նպատակն է բացահայտ չքողարկված սուտը ներկայացնել որպես ճշմարտություն՝ հիմնավորելով դա այլ ստով։ Այս քարոզչությունն ունի նաև մարտավարական նպատակ՝ Հայաստանի՝ իբրև ընդհանուր թշանամու առկայության պարագայում համախմբել Ադրբեջանի ժողովրդին իր շուրջը և դրանով ամրապնդել իր միապետական վարչակարգը։ Ադրբեջանի կողմից մեր տարածաշրջանի իրական պատմության կեղծման այս մարտահրավերը ԲՀԿ-ն գնահատում է որպես ՀՀ  և ամբողջ հայության անվտանգությանը սպառնացող իրական վտանգ։ Դա պարտավորեցնում է մեր կառավարությանը, բանակին և երկրի ապագայով մտահոգված, դրա համար պատասխանատվություն կրող բոլոր քաղաքական ուժերին ու ողջ հայությանը համախմբվել և ընդհանուր ճակատով դիմակայել այս մարտահրավերին։ Այս գործում մեծ  է մեր դիվանագիտության և հայկական սփյուռքի դերը։ Անհրաժեշտ է աշխարհի տարբեր երկրների կառավարություններին  և հանրությանը, միջազգային կառույցներին տեղեկացնել մեր տարածաշրջանում առկա պայթյունավտանգ իրավիճակի և Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման փորձերի մասին։ Բացահայտելով Ադրբեջանի ագրեսիվ պլանները՝ պետք է հիմնավորել նրա պատասխանտվությունը Հարավային Կովկասում  իրավիճակի հետագա վատթարացման և հնարավոր պատերազմի սանձազերծման համար։ Հարցի բազմակողմանի վերլուծությունը և տարբեր մոտեցումներն ու առաջարկների ձևավավորումը հնարավորություն կտա ստեղծել ադրբեջանական քարոզչական մեքենայի գործունեության չեզոքացման հուսալի մեխանիզմներ։ ԲՀԿ-ն կոչ է անում իր կոլաիցիոն գործընկերներին, խորհրդարանական ընդդիմությանն ու ամբողջ հայությանը՝ համախմբվել և միասնական դիմակայել այսօրվա մարտահրավերին։ Գործելով միասին՝ մենք կբացահայտենք Ադրբեջանի հավակնությունների ամբողջ կեղծ, հակագիտական էությունը և կխուսափենք պատմությունը կեղծելու միջոցով համաշխարհային հանրությանը ապակողմնորոշելու նրա պլաններից,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը