Լրահոս

26.10.2010 18:56


Ստյոպա Սաֆարյան. «Այսօր խաղի կանոնները փոխել հնարավոր է միայն ՀՀ–ի կողմից Արցախի անկախության ճանաչումով»

Ստյոպա Սաֆարյան. «Այսօր խաղի կանոնները փոխել հնարավոր է միայն ՀՀ–ի կողմից Արցախի անկախության ճանաչումով»

Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ԱԺ հայտարարությունների ժամին ասել է, որ բանակցությունները ընթանում են երեք տարի շարունակ Ադրբեջանի ու Հայաստանի կողմից ոչ այն է լիարժեք ընդունվող, ոչ այն է մերժվող մադրիդյան առաջարկների հիման վրա և այսպես շարունակվելու դեպքում տանուլ ենք տալու խաղաղությունը, թեպետ հաղթել ենք պատերազմը:

-Տանուլ ենք տալու նախևառաջ այն պատճառով, որ հայկական կողմերի համար անարդար են 16-ամյա բանակցային գործընթացի հիմքում դրված խաղի կանոնները, որոնց արդյունքները բոլորիս հայտնի տարբերակներն են՝ 1997-98թթ. փաթեթայինից ու փուլայինից մինչև 2007թ. փաթեթափուլային մադրիդյան առաջարկներ,-ասել է Ս.Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ այդ խաղի կանոնները հետևյալն են՝

. կողմերը ելակետ են ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջինս էլ ճանաչում է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրականացվի նորից ու միայն Ադրբեջանի համաձայնությամբ

. բանակցություններն ընթանում են ԼՂՀ ներկայացուցիչների բացակայությամբ

. ասվում է, թե մադրիդյան առաջարկները սկզբունքներ են, սակայն, դրանցից միայն երեքն են սկզբունք՝ տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների ինքնորոշումը և ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառելը:Մյուսները խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն հայկական կողմի շահերի հաշվին

. Արցախի միջանկյալ ու անորոշ ապագայում որոշվելիք վերջնական կարգավիճակը, որով փորձ է արվում ետ շրջել Արցախի ներկայիս կարգավիճակը, պայմանագրով ճանաչել, որ նա օրինավոր չի ինքնորոշվել-ապագաղութացել:

-Այսպիսի խաղի կանոններով ընթացող բանակցությունները կամ դրանց արդյունքները կա՛մ տանում են պատերազմի, կա՛մ Հայաստանի ու Արցախի ինքնակապիտուլյացիայի,-ընդգծել է նա և հավելել, որ բանակցությունների տեսության մեջ կա մի աքսիոմատիկ պատվիրան՝ եթե խաղի կանոները ձեռնտու չեն, ապա պետք է փոխես դրանք: Իսկ այսօր խաղի կանոնները փոխել հնարավոր է միայն Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը