Լրահոս

27.10.2010 09:38


Հերթական նվիրատվությունը Վանաձոր համայնքի բյուջեի հաշվին

2010 թ. հոկտեմբերի 26-ին Վանաձորի ավագանու նիստում հերթական անգամ գույքի անվարձահատույց տրամադրման մասին որոշում կայացվեց: Որոշմանը կողմ քվեարկեցին 9 ավագանու անդամ, դեմ' 3, ձեռնպահ' 2:

Որոշման համաձայն' Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտը և Տարոն 4 թաղամասում մոտ 44.000 քմ մակերես ունեցող տարածքներն անվարձահատույց հանձնվեցին Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիային:

Որպես որոշման հիմնավորում' Վանաձոր համանքի ղեկավարի և ավագանու  կողմից ներկայացվեց Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մարզադաշտի վերանորոգման, վերակառուցման և Տարոն 4 թաղամասում ֆուտբոլի մարզադաշտեր կառուցելու համար ֆինանսական ներդրումների փաստը:

 

Հերթական անգամ համայնքի ավագանին կայացնում է որոշում, որով համայնքի գույքի անվարձահատույց տրամադրումը զրկում է համայնքի բյուջեն լրացուցիչ դրամական միջոցներով համալրելուց և համայնքային մակարդակում սպորտի զարգացման երաշխիքներից:

Հիշեցնենք, որ 2009 թվականի հունիսի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայր ընդդեմ Վանաձորի քաղաքապետի և Վանաձոր համայնքի ավագանու՝ Վանաձոր համայնքի ավագանու կողմից 2009 թվականի ապրիլի 23-ին ընդունված թիվ 29 որոշումը (Վանաձորի ավագանու գույքի անվարձահատույց ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղին տրամադրման մասին որոշում) առոչինչ ճանաչելու պահանջով: Նշված որոշման բողոքարկման արդյունքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, որով հասարակական կազմակերպությունները հնարավորություն չունեին բողոքարկել հանրային շահի վերաբերյալ կայացված որոշումները, ճանաչվել է հակասահմանադրական:

Օգտվելով այս հնարավորությունից' ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնելու է դատական գործընթաց' նպատակ ունենալով այս որոշումը ևս դատական կարգով ճանաչել անվավեր:

Այս խորագրի վերջին նյութերը