Լրահոս

05.09.2016 14:08


Մայրաքաղաքի Արաբկիր 43-րդ փողոցն այսուհետ կկրի Հայրիկ Մուրադյանի անունը

Մայրաքաղաքի Արաբկիր 43-րդ փողոցն այսուհետ կկրի Հայրիկ Մուրադյանի անունը

Երևանի Արաբկիր 43-րդ փողոցն այսուհետ արդեն պաշտոնապես կկրի հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի անունը։ Այս մասին կհուշեն տեղադրված վահանակները:

Փողոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Հայրիկ Մուրադյանի որդին՝ Լևոն Մուրադյանը` ընտանիքի անդամների հետ: Նշենք, որ փողոցն անվանակոչվել էր Երևան քաղաքի ավագանու 2015թ. հոկտեմբերի 28-ի որոշումով:

«Հայրիկ Մուրադյանն իր կենսագրությամբ մեծ հետք է թողել մեր ժողովրդի հոգևոր, մշակութային և գրական ժառանգության մեջ: Յուրաքանչյուր անգամ այստեղով անցնելիս մենք ակամայից կվերհիշենք չափազանց հայրենասեր այս գործչին: Կարևոր է նաև, որ քաղաքամայր Երևանի փողոցներն անվանակոչվում են այն մարդկանց անուններով, որոնց ավանդը սերունդների ազգային դաստիարակության գործում մեծ է և անգնահատելի»,-նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:

Միջոցառումն ուղեկցվել է մուրադյանական կատարումներով, նրա հիմնադրած «Ակունք» ազգագրական համույթի, ինչպես նաև ժողովրդական երգի-պարի այլ համույթների մասնակցությամբ:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը