Մեկնաբանություն

07.09.2016 09:05


Լևոն Մնացականյանի երկրորդ երջանկությունը

Լևոն Մնացականյանի երկրորդ երջանկությունը

ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին Երևանից հրահանգ է իջեցվել: Հրահանգն այդ մարտական բնույթի չէ: Սրան վերապահվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ խոսելու պարտականությունը: Օրերս նա կրկին այդ պարտականությունը կատարեց Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող «Արմենիա» հեռուստատեսության «պասով»:

Որքան շատ է խոսում Մնացականյանը Բաբայանի թեմայով, այնքան հասկանում ես, որ լկտիությունը և անամոթությունը չափ ու սահման չունեն: Ավելին՝ լկտիությունը և անամոթությունը դարձել են գեներալի ուսադիրներ կրող, սակայն զինվորի մակարդակի էլ չձգող Մնացականյանի երկրորդ երջանկությունը:

Ապրիլյան մարտերից հետո սրա նմանները պետք է անմիջապես հրաժարական տային, քանզի բոլորի համար պարզ դարձավ, թե ինչ «բարդակ» է տիրում բանակում, և ինչպիսի ցածրորակ կառավարման հետ գործ ունենք: Սրանք պետք է հրաժարական տային, քանի որ սեփական անգործության և անգրագիտության հետևանքով մենք մարդկային ու տարածքային կորուստներ ունեցանք:

Հրաժարականներ, ինչպես հայտնի է, չեղան: Սլաքավարներից բացի՝ մյուսները մնացին իրենց տեղերում: Ու հիմա փոխանակ Լևոն Մնացականյանը գոնե ծպտուն չհանի, հանրության աչքերին չերևա ու գլուխը պահի վարագույրի հետևում (ծիկրակելու նպատակով), գլուխ է գովում, թե բա՝ մենք այս ու այն բաները կարող էինք անել, բայց մեզ չթողեցին (մարտից հետո բռունցքներ ճոճողների պակաս չկա), իսկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Բաբայանն էլ իր գիտելիքներով չի համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին (Մնացականյանին արգելել են հիշել, որ նույն Բաբայանի ղեկավարման ներքո է ինքը մասնակցել պատերազմին և գրանցել դրական արդյունքներ):

21-րդ դարի բանակային կառավարումը երևի այն է, երբ առաջնագիծդ փլուզվում է հաշված րոպեների ընթացքում, զինվորդ հայտնվում է թշնամու օղակի մեջ, չորս օրում տալիս ես հարյուրից ավելի զոհ ու կորցնում ռազմավարական նշանակության հարյուրավոր հեկտարներ: Եթե Մնացականյանի համար սա է 21-րդ դարի իր պատկերացրած ռազմարվեստը, ապա դա արդեն ճաշակի ու ընկալման հարց է: Փաստն այն է, որ 20-րդ դարում մենք ունեցել ենք ազատագրված տարածքներ, իսկ ահա 21-րդ դարում հանձնել ենք հողերը:

Ըստ Մնացականյանի՝ ապրիլին հակառակորդը ձգտել է ավելիին, սակայն չի կարողացել, հետևաբար ամեն ինչ կարգին է: Սա արդեն էժանագին «կռուտիտ» է հիշեցնում և սեփական ձախողումները որպես հաջողություն ներկայացնելու անհաջող փորձ: Ուզում է ասել, որ կարող էր ավելի վատ լինել, և ուրեմն, մեր պարտությունը մեր հաղթանակն է:

Նման ոճով այս իշխանություններն արդարանում են նաև տնտեսության մեջ արձանագրված հետընթացի համար:

«Եթե մենք չլինեինք, ապա կարող էր ավելի վատ լինել»,- հայտարարում էր տխրահռչակ Տիգրան Սարգսյանը:

Հիմա տիգրանսարգսյանություն է անում Լևոն Մնացականյանը՝ ձեռքի հետ էլ կատարելով «մարտական» առաջադրանքը «շավկայության» մասով: ՀՀԿ ղեկավարի պարագայում այլ որակի մարդիկ չէին էլ կարող լինել պետական կառավարման համակարգում: Ամեն մի կառույց իր անդեմ, կամակատար ու գորշ դեմքն ունի: Մնացականյանն այսօր Ղարաբաղի բանակի դեմքն է ներկայացնում: Արդյունքները տեսնում են բոլորը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը