Լրահոս

17.12.2009 13:58


ԼՂՀ սամբոն 20 տարեկան է

20 տարի առաջ, երբ հայությունը ոտքի էր ելել Արցախը մայր հայրենիքին վերամիավորելու արդար պահանջով ու վճռականությամբ, ծնունդով արցախցի, Ղարաբաղյան շարժման մասնակից, Հայաստանի Սամբոյի և ձյուդոյի հանրապետական մարզադպրոցի տնօրեն Լեոնիդ Հայրապետյանի նախաձեռնությամբ և ջանքերով բացվեց Սամբոյի և ձյուդոյի հանրապետական մարզադպրոցի ԼՂԻՄ մասնաճյուղը, որի մասին թիվ 387-Մ հրամանը ՀԽՍՀ կրթության նախարարն արձակեց 1989թ. դեկտեմբերի 18-ին:

Երեք տասնյակ խմբեր, որոնց գործունեության համար անհրաժեշտ ամբողջ մարզագույքն ապահովվեց Հայաստանի Սամբոյի և ձյուդոյի հանրապետական մարզադպրոցի միջոցներով, գործել սկսեցին Ստեփանակերտում, Մարդակերտում, Մարտունիում, Շուշիում, Բերդաձորում: Դպրոցի մասնաճյուղի նպատակը եղել և մնում է առողջ, ուժեղ ու հաղթանակող սերունդ ունենալը: Արցախյան հերոսամարտի տարիներին դպրոցի տնօրենը, ավագ մարզիչը, մարզիչներից, մեթոդիստներից ու ավագ խմբերի սաներից շատերը մասնակցեցին նաև մարտական գործողություններին: Նրանցից մեկ տասնյակը, ավաղ, կյանքը զոհեց հանուն հայրենիքի ազատության: Երկու տասնամյակ արցախցի հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ պարապել են մարզադպրոցում, շատերն ունեցել են հաջողություններ, արժանացել «ՀՀ սպորտի վարպետի» կոչման, դարձել ԼՂՀ, ՀՀ, Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ:

1993 թվականին, երբ հայոց զինուժը ազատագրում էր նախնյաց հողը, ԼՂՀ սամբոյի  հավաքականը (ուժեղացված ՀՀ մարզիկներով) առաջին անգամ պաշտոնապես մասնակցեց Աշխարհի առաջնությանը: Նոյեմբերի 10-ից 14-ը ՌԴ Կստովո քաղաքում տեղի ունեցած առաջնությանը մեր մարզիկները նվաճեցին 2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ:

Նույն տարվա Սամբոյի Եվրոպայի առաջնությունից, որն անց էր կացվում Իտալիայի Թուրին քաղաքում, արցախցի սամբիստները հայրենիք վերադարձան 5 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալներով, թիմային հաշվարկով գրավելով 3-րդ տեղը: Հարկ է նշել, որ ԼՂՀ հավաքականի մասնակցությունը առաջնություններին, հնարավոր դարձավ ԼՂՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի ֆինանսական աջակցության շնորհիվ: Արցախցի սամբիստները աշխարհի և Եվրոպայի հետագա առաջնություններում ՀՀ հավաքականի կազմում նվաճել են 1 ոսկե, 4 արծաթե և 10 բրոնզե մեդալ, 60-ից ավել' մրջազգային մրցաշարերում և ՀՀ առաջնություններում;

Այժմ էլ ավանդույթները շարունակվում են.  արցախցի յոթ սամբիստ արժանացել են □ՀՀ սպորտի վարպետի□ կոչման, գործող մարզիկներից Աշոտ Դանիելյանը Եվրոպայի չեմպիոն և Աշխարհի առաջնությաների բազմակի մրցանակակիր է, նրա մարզիչ Էրնեստ Միրզոյանին շնորհվել է «ՀՀ վաստակավոր մարզչի» կոչում, իսկ ամենակարևորը' այսօր էլ հարյուրավոր տղաներ ու աղջիկներ մարզվում են ու ԼՂՀ մարզական պատիվը պիտի պահեն ապագա մրցումներում ու առաջնություններում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է Սամբոյի և ձյուդոյի մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի հիմնադրման 20 ամյակի առիթով, մաղթում մարզական հաջողություններ ու նոր հաղթանակներ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը