Մեկնաբանություն

08.09.2016 08:15


ՀՀԿ-ական «ոհմակի» վարքագիծը

ՀՀԿ-ական «ոհմակի» վարքագիծը

Հովիկ Աբրահամյանին դեռ չեն հանել վարչապետի պաշտոնից, բայց ՀՀԿ-ական «ոհմակն» արդեն կծոտում է նրան՝ ապացուցելով, որ սխալ էր Սերժ Սարգսյանը, երբ տարիներ առաջ հայտարարում էր, թե կուսակցությունը ոհմակ չէ:

Պաշտոնյաներից, կիսակրիմինալ դեմքերից ու փողատերերից կազմված վերնախավ ունեցող կուսակցությունը մեր տիպի երկրում չի կարող «ոհմակային» չլինել. ընկածին հոշոտում են:

Սեփականության լեգիտիմության սուր դեֆիցիտի պայմաններում պաշտոնը և իշխանական բուրգում ունեցած տեղը շատ կարևոր են դառնում: «Ոհմակը» կողմնորոշվում է այս կամ այն սուբյեկտի հարցում՝ հաշվի առնելով նրա՝ դե ֆակտո և դե յուրե ունեցած կարգավիճակը:

Հիմա սրանք գիտեն, որ Աբրահամյանը դե յուրե կարգավիճակից զրկվում է, և սկսել են խոսել, թե բա՝ կադրային փոփոխություն է պետք, որպեսզի վստահության դեֆիցիտը վերականգնվի:

Հարցն այստեղ այն չէ, որ Աբրահամյանը չպետք է հեռացվեր, կամ պետք է հեռացվեր: Հարցն այն է, որ «ոհմակն» անողոք է, և «ոհմակը» հոշոտում է բոլորին՝ դեռ «ֆաս» հրամանը չստացած:

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես է իրեն պահելու «ոհմակը», երբ «գծերից ընկնի» Սերժ Սարգսյանը: Կարենավագյանները, արմենաշոտյաններն ու մյուսներն այնպես կհարձակվեն նրա վրա, որ մի պահ նույնիսկ ցանկություն կառաջանա պաշտպանել ՀՀԿ ներկայիս ղեկավարին «ոհմակից»:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանի կադրային փոփոխություններն ունեն զրո հանրային պահանջ: Նա այդ փոփոխություններին գնում է ոչ թե պետական ու հանրային խնդիրներ լուծելու, այլ սեփական շահերը սպասարկելու համար:

Եթե հանրությունը կադրային փոփոխության պահանջ ունի, ապա դա վերաբերում է Սերժ Սարգսյանին: Թե չէ, ներիշխանական ու միջկլանային փոխատեղումները ոչ մի դրական արդյունք չեն կարող ապահովել:

Այս խորագրի վերջին նյութերը