Լրահոս

27.10.2010 13:59


Տեսուչը մեղադրվում է երթևեկության կանոնները խախտելու համար

Տեսուչը մեղադրվում է երթևեկության կանոնները խախտելու համար

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության' Տավուշի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման  կանոնները խախտելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ  ոստիկանության' Տավուշի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Վ. Թամրազյանը  խախտել է երթևեկության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Մասնավորապես'  Վ. Թամրազյանը 2010թ. օգոստոսի 24-ին' ժամը 22:00-ի սահմաններում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում   թույլ է տվել  ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջին հակասող գործողություններ.  ունենալով կանխման  տեխնիկական հնարավորություն' նա  վրաերթի է ենթարկել  Տավուշի մարզի Այգեհովիտ  գյուղի բնակիչ  Գ. Քալանթարյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից  մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա' Վ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործն  ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր  իրավասության դատարան' ըստ էության քննելու համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը