Մեկնաբանություն

10.09.2016 00:05


Ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի կառավարման «փիլիսոփայությունը»

Ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի կառավարման «փիլիսոփայությունը»
Ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի կառավարման «փիլիսոփայությունը»: Եթե հակիրճ ձեւակերպելու լինենք, ապա հետևյալն է՝ ոչինչ չանել և ութ տարի միայն խոսել փոփոխությունների մասին, որոնք հեսա-հեսա սկսում են իրականացնել:
Սկզբում բոլորիս համոզում էր՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Հետո՝ զարգացման ոչ մի նախադրյալ չստեղծելով գոռում էր՝ «Առա՛ջ Հայաստան» (պատկերավոր ասած, ձին դրել էր սայլի հետևում և, ուղղակի, խոսքով երկիրը «բրդում» էր առաջ): Միաժամանակ խոսում էր գերծրագրերի մասին, որոնք ընդամենը համագումարային ճառերը «զարդարող» բառակույտեր էին: Այնուհետ՝ խոստացավ «Ապահով Հայաստան»՝ զրկելով շարքային քաղաքացիներին տարրական ապահովությունից, իսկ 300 հազարին էլ սարքեց գաղթական:
Ութ տարվա նախագահության շրջանում առնվազն երկու տարին մեկ անգամ ինքն՝ իր թիմով, փչում էին փոփոխություններ իրականացնելու մասին փուչիկը և նորից գնում էին իրենց գործին՝ թալանելու, կողոպտելու, մսխելու, ատկատելու հիմնական առաքելությունը շարունակելուն:
Հիմա հերթական թոզփչոցիի փուլն է և կրկին ՀՀԿ ղեկավարի ու յուրայինների երգչախումբը կատարում է նույն երգը: «Աշխարհը փոխվել է, մեզ պետք են փոփոխություններ», «Վստահեցնում ենք՝ շատ շուտով կտեսնեք փոփոխություններ երկրի բոլոր ոլորտներում», «Այլևս դանդաղելու տեղ չունենք, փոփոխությունների սիմվոլն էլ ահա՛ երևաց»...Եվ նման բաներ:
Հարց է առաջանում՝ եթե մարդը ութ տարում ոչինչ չի արել, հակառակը՝ երկիրը հասցրել է ճգնաժամային իրավիճակի, ապա նրանից ո՞ր մի բանական մարդը կարող է այսուհետ ինչ-որ սպասելիք ունենալ: Վարչապետափոխությամբ, կադրային ինչ-ինչ փոխատեղումներով երկրում ստեղծված ծանր իրավիճակը չի փոխվում: Իրավիճակ, որի հեղինակը Սերժ Սարգսյանն է՝ իբրև երկրի ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար՝ վատագույնների մեջ ամենավատագույնը:
Եվ հիմա ժողովուրդը բառացիորեն զզվում է «փոփոխություններ» բառից: Նա ցանկանում է ընդամենը մեկ փոփոխություն՝ Սարգսյանի հեռացումը կառավարման համակարգից: Միայն այդ դեպքում կարող է մարդկանց մոտ հույս արթնանալ, որ այս երկրի հետընթացը հնարավոր է կանխել և առաջ շարժվել: Թե չէ՝ երկրի զարգացումն արգելակող մարդու իշխանության պարագայում անհեթեթություն է կարծել, թե՝ «Կարող ա էլի փրկության ելքեր գտնվեն»:
Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը