Լրահոս

17.12.2009 17:34


ՌԱՀՀԿ-ը քննարկեց Հայաստանի կապի ազգային ցանցի կենսունակության ապահովման խնդիրը

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ Հայաստանի կապի ազգային ցանցի կենսունակության եւ տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնախնդիրներին նվիրված սեմինար-քննարկում: Հրավիրված էին խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող անձինք, Անվտանգության խորհրդի, պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտների մասնագետներ, քաղաքական գործիչներ:

ՌԱՀՀԿ վարչական տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարապետ Կալենչյանը բացման խոսքում ընդգծեց հիմնախնդրի հրատապությունը՝ տեղեկացնելով, որ վերջին շրջանում ՌԱՀՀԿ-ը բազմիցս անդրադարձել է Հայաստանի տեղեկատվական անվտանգության հարցերին:

Ներկայացնելով հիմնական զեկուցողին' տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Մաթեւոսյանին, Կալենչյանը հիշեցրեց, որ դեռեւս Խորհրդային միության ժամանակ' մասնավորաբար 70-ական թվականներին, Հայաստանն առաջին երկիրն էր, որը Երեւան քաղաքում մշակեց, կառուցեց եւ ներդրեց միջքաղաքային ավտոմատ հեռագրական կոմուտացիոն կենտրոնը' օգտագործելով  այն ժամանակ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական  ինստիտուտի կողմից թողարկվող' ԵՍ-1030 եւ ԵՍ-1045 մակնիշի համակարգիչները: «Այդ կոմուտացիոն կենտրոնների հեղինակը Կարեն Մաթեւոսյանն էր, որը փոքրաթիվ իր անձնակազմով կարողացավ կենտրոնական կապի ինստիտուտի Երեւանի մասնաճյուղի սահմաններում ներդնել եւ ծածկույթի տակ առնել Խորհրդային միության գրեթե ամբողջ տարածքը: Այժմ Մաթեւոսյանը մեզ առաջարկում է նոր գաղափար' կապված Հայաստանի տեղեկատվական ցանցի անվտանգ աշխատանքի հետ»,- նշեց Կալենչյանը:

Իր զեկուցման մեջ Մաթեւոսյանը կարեւորեց արտաքին ազդեցությունների պայմաններում տեղեկատվական եւ համակարգչային ցանցերի կենսունակության ապահովումը եւ ներկայացրեց խնդրի լուծման սեփական եղանակները: «Ներկայացված մեթոդների իրականացումը երկրի կտրվածքով կապահովի ազգային ցանցերի գործունեության հուսալիությունը, տեղեկատվական անվտանգությունը եւ կենսունակությունը, սակայն Հայաստանի համար չափազանց կարեւոր այս խնդիրը հնարավոր չէ լուծել միայն շուկայական մեխանիզմների միջոցներով»,- շեշտեց հռետորը' հավելելով, որ դրական արդյունք կարելի է ստանալ արդեն 3-4 տարվա ընթացքում, եթե պետությունն ակտիվորեն ստանձնի ոլորտի համակարգման եւ բոլոր մասնակիցների համագործակցության ու հարաբերությունների կարգավորման գործառույթը:

Հնչած ելույթների հեղինակներն ու հարցուպատասխանի մասնակիցները հիմնականում համաձայնեցին Մաթեւոսյանի դիտարկումներին' իրենց հերթին ներկայացնելով առաջարկներ եւ կարեւորելով հիմնախնդրի լրջությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Այս խորագրի վերջին նյութերը