Լրահոս

17.12.2009 17:35


Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ներկայացվեց իրավաբան Ջ. Ռոբերթսոնի «Արդյոք եղել է Հայոց Ցեղասպանությունը» զեկույցը

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ներկայացվեց իրավաբան Ջ. Ռոբերթսոնի «Արդյոք եղել է Հայոց Ցեղասպանությունը» զեկույցը

Դեկտեմբերի 14-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատում ներկայացվեց հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղել է Հայոց Ցեղասպանությունը» զեկույցը (իրավական կարծիքը): Հանդիպումը կազմակերպել էին Բրիտահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրավական նախաձեռնության հայկական խումբը, Ուելսի միջազգային հարաբերությունների կենտրոնը եւ Նոր Սերունդ հրատարակչությունը: Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ ՄԹ խորհրդարանից, Ֆորին Օֆիսից, մի շարք միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններից, հայ համայնքից, ինչպես նաեւ Լոնդոնի Հոլոքոսթի հիշատակի խորհրդից:

Հանդիպումը բացեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը, ով մեծապես կարեւորեց Ջեֆրի Ռոբերթսոնի նման հեղինակավոր իրավաբանի կողմից Հայոց Ցեղասպանությանն անդրադառնալու հանգամանքը եւ նրա պատրաստած զեկույցում արտացոլված հստակ իրավական գնահատականների ու անժխտելի որակումների փաստը: Դեսպան Գաբրիելյանը Միացյալ Թագավորության նման երկրում Հայոց ցեղասպանության չճանաչումը համարեց անհասկանալի է եւ վստահություն հայտնեց, որ այս զեկույցը կարեւոր դեր կունենա այս իրավիճակը շտկելու գործում: Դեսպանը մասնավորապես անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի պարագայում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ  կառավարության անփոփոխ դիրքորոշմանը:

Զեկույցի հեղինակ Ջեֆրի Ռոբերթսոնը հավաքվածներին հանգամանալից ներկայացրեց իր զեկույցի նախապատմությունը, ինչպես նաեւ զեկույցում տեղ գտած հիմնական շեշտադրումները: Նա նշեց, որ համաձայնել է Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ մասնագիտական իրավական զեկույց պատրաստել միայն այն պայմանով, որ դրանում տեղ են գտնելու ՄԹ կառավարության (հիմնականում արտաքին քաղաքական գերատեսչության) արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում իր իսկ կողմից հայտնաբերված փաստերը եւ սեփական դատողությունները, եւ դրանց ներկայացման հարցում նա պետք է ունենար լիակատար անկախություն: Ռոբերթսոնը շեշտեց, որ նախկինում որեւէ կերպով չի առնչվել ո'չ հայկական, ո'չ թուրքական խնդիրներին եւ զերծ է ավելորդ հուզականությունից' այդպիսով իսկ լինելով անկողմնակալ եւ կարեւորելով խնդրի բացառապես իրավական կողմը: Իր խոսքում «Թագուհու խորհրդականի» տիտղոս ունեցող եւ մարդկության դեմ հանցանքների իրավական հարցերի հեղինակավոր մասնագետի համբավ ունեցող Ռոբերթսոնը մեկ անգամ եւս ՄԹ կառավարությանը մեղադրեց Հայոց Ցեղասպանության ժխտողականության համար բավարար փաստեր չունենալու, ինչպես նաեւ բրիտանական հանրությանը մտածված մոլորության մեջ գցելու մեջ: Նա նշեց, որ եթե այն դեպքերը, որոնք տեղի ունեցան Օսմանյան կայսրությունում 1915-1916թթ. կատարվեին այսօր, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դրանք կորակեր որպես Ցեղասպանություն, քանի որ այդ երեւույթի բոլոր բնորոշումները հստակ արտացոլված են Ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ կոնվենցիայում: Նա ավելացրեց, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության փաստը մերժելու համար ՄԹ կառավարությունր երբեք չի ունեցել եւ հիմա էլ չունի որեւէ իրավական հիմք «եւ այդ ժխտողականությունը պայմանավորված է բացառապես քաղաքական,  առեւտրական եւ ռազմավարական նկատառումներով: Նա հավաքվածներին ներկայացրեց նաեւ ՄԹ Ֆորին Օֆիսի արխիվային մի քանի նյութեր, որոնցում հստակ երեւում է ՄԹ խորհրդարանին ապակողմնորոշելու քաղաքականությունը: Ջ. Ռոբերթսոնը քննադատեց նաեւ ՄԹ խորհրդարանին, որը տասնամյակներ շարունակ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը' հիմնվելով Ֆորին օֆիսի անհիմն կարծիքի վրա եւ երբեք բավարար հետեւողականություն չի ցուցաբերել նույն Ֆորին օֆիսից' ժխտողականությունը իրավական տեսանկյունից հիմնավորող փաստերի պահանջման հարցում:

Ջեֆրի Ռոբերթսոնի հետ հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով:

Այս խորագրի վերջին նյութերը