Մեկնաբանություն

13.09.2016 00:10


«Անկումների սիմվոլը»

«Անկումների սիմվոլը»

Վերջին օրերին երկնքում ուղղաթիռների «ձեւավոր» թռիչքների ականատեսն ենք լինում: Նաեւ՝ անզեն զինվորներով լեցուն մեքենաների շարասյուների երթի ու վերադարձի:

Անկախության 25-րդ տարեդարձի օրվան մնացել է տասը օր. պարզ է՝ տոնական շքերթի կամ ռազմական տոնահանդեսի «փորձերն» են իրականացվում:

Հիշեցի Սերժ Սարգսյանի «նորամուծությունը», ինչով տարիներ առաջ (երբ նոր էր հայտնվել Բաղրամյան 26-ում) փորձեց զարմացնել բոլորիս: Շքերթի հանեց տերտերներին՝ մեղմ ասած, հակասական զգացումներ առաջացնելով հանրության շրջանում (եթե չասենք՝ քմծիծաղ ու քրքիջ): Դե, «սյուրպրիզներ» մատուցելու հարցում ՀՀԿ ղեկավարն անգերազանցելի է: Կարծում է, թե նման «անակնկալներից» հանրությունը զարմացած ու շշմած կմնա երկար ժամանակ՝ մոռանալով այն բոլոր խնդիրները, որոնք տարիներով կուտակվել ու չեն լուծվել:

Երկրում առկա հիմնախնդիրները լուծելը դժվար է, իսկ ա՛յ նմանատիպ «նոու-հաուներ» մատուցելը՝ հեշտ: Ութ տարի Սերժ Սարգսյանը հե՛նց այդպես էլ վարվել է. հայերեն ասած՝ մի կողմ է բրախել սոցիալ-տնտեսական խնդիրները, անտեսել է անվտանգության եւ արտագաղթի հարցերը, փոխարենը՝ առաջ է մղել տարատեսակ շոուները, հայտնի ու հեղինակավոր դեմքերին Հայաստան հրավիրելը: Այդ պատճառով էլ Անկախության 25-ամյակ ենք հասել առավել թշվառացած, դառնացած ու հուսահատված հոգեվիճակով, Սարգսյանի իրականացրած ներքին ու արտաքին քաղաքականության հետեւանքով առավել տկարացած ու խեղճացած վիճակով:

Ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռերի» ապստամբություն, Կառավարության հրաժարական: Այս ողբերգական եւ ծանր իրադարձություններով ենք «նշանավորում» 25-ամյակը՝ վրադիր 800 հեկտարի կորուստը: Այդպես է ստացվում: Այսպիսի ծանր կորուստներով ու ձախողումներով Սարգսյանը մեզ հասցրեց Անկախության 25-րդ տարեդարձի շեմին: Եվ աբսուրդն այն է, որ Կառավարություն էլ չկա, ըստ էության: Սա էլ մի այլ տիպի առանձնահատուկ «նվեր» է Անկախության 25-ամյակին:

Սարգսյանը շատ է սիրում իրեն այս կամ այն փուլում կամ նեղ պահերին աջակցող անձանց պատվելի ածականով օժտել. այսինչի սիմվոլ, այնինչի սիմվոլ եւ այլն: Անկախության 25-ամյակը ամենահարմար առիթն է, որ իրեն էլ անվանենք «Անկումների սիմվոլ»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը