Լրահոս

17.12.2009 18:22


Էմմա Խուդաբաշյան. «Նախագահին չհավատալու իրավունք չունեմ»

ՀՀ ներքաղաքական իրավիճակը մեկնաբանելիս «Շրջադարձ» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Խուդաբաշյանն ասել է, որ բնակչության մի մասը երբեք չի հետաքրքրվել քաղաքականությամբ, բայց դժգոհել է, մի մասն էլ միացել է և դարձել մի ստվար զանգված, որը հիասթափված է թե՛ ընդդիմությունից, թե՛ դիմությունից։ Մի մասը, նրա կարծիքով, դեռ շարունակում է հետևել քաղաքական անցուդարձին և այնքան թերահավատ է, որ ամեն խոսքի մեջ յուրաքանչյուր կնքված պայմանագրի կամ համաձայնագրի մեջ (այսօր նաև Սերժ Սարգսյանի ստորագրած համաձայնագրերի) ենթատեքստ է որոնում։ «Այսինքն, մենք ենք, հասարակությունն է որոնում ենթատեքստը։ Այդ անտարբեր անվստահության ու դժգոհության մթնոլորտը ներխուժել է նաև վարչական պետական կառուցվածքներ, սրան գումարվում են նաև ժողովրդի դաժան սոցիալական իրավիճակը, գործարարների ֆինանսական լուրջ խնդիրները, արտագնա աշխատանքի բարդանալը, դրսից եկող գումարների կտրուկ նվազումը և այլն»,- նշել է նա։

Նրա կարծիքով Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը չի ձախողվել, և ինքը վստահում է նրան։

-Այսօր այդ պայմանագրերը վերածվել են Աստվածաշնչի, և աղանդավորներն ամեն մեկն իր լեզվով է բացատրում ժողովրդին, իսկ եթե հանրապետության նախագահը կանգնում է և ի լուր աշխարհի ասում, որ այսպես է, ես չհավատալու իրավունք չունեմ։ Ես հավատում եմ և նաև պահանջելու եմ. այնպես չէ, որ կուրորեն եմ հավատում։ Ո՛չ։ Ես պահանջելու եմ, որովհետև ես վստահության քվե եմ տվել նախագահին, իր ամեն մի խոսքն ի՛նքը պետք է կատարի։ Այդ քաղաքականությունը ես առայժմ ձախողված չեմ համարում,- ընդգծել է նա։ 

ՀՀԿ 12-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը մեկնաբանելիս Էմմա Խուդաբաշյանն ասել է, որ կարող է մեկնաբանել այն, որ արդեն անցել են հասարակությանը կոմպլեմենտար քաղաքականություն մատուցելու և մանևրելու ժամանակները։ Նա նշել է, որ հասարակությունը տեսավ, թե ովքեր էին կանգնած ստորագրողների թիկունքում, թե ինչ ուժեր և ինչ պետություններ էին. «Առաջին անգամ տեսանք ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի համընկնում, դրա համար Հայաստանը պետք է կարողանա իր շահն էլ ինքը վերցնել։

Այսօր Սերժ Սարգսյանն ազնվաբար ճշմարտացիորեն ասում է, որ սա՛ է իրավիճակը։ Չի ասում՝ եկեք մանյովրներ անենք, եկեք կոմպլեմենտարություն անենք, և ես հավատում եմ նրան»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը