Մեկնաբանություն

14.09.2016 09:05


Երբ մեռելոցին անմիջապես հաջորդում է քաղաքական աշնան մեկնարկը...

Երբ մեռելոցին անմիջապես հաջորդում է քաղաքական աշնան մեկնարկը...

Երբ մեռելոցին անմիջապես հաջորդում է քաղաքական աշնան մեկնարկը, հասկանում ես, որ խորհրդարանի ամբիոնը գրկած իշխանական գործիչները սկսելու են մեռելածին, մեռելահոտ, մամռակալած ելույթների շարքը՝ հերթական անգամ փորձելով բոլորիս խաբել, թե ամեն ինչ լավ է լինելու: Այդպես էլ եղավ:

Ո՞վ է հավատում իշխանության հերթական հավաստիացումներին, խոստումներին ու երդումներին: Առաջին հերթին Սերժ Սարգսյանը չի հավատում այն հայտարարություններին, որ հնչեցրեց Ազգային ժողովի դահլիճում: Այդ կեղծ խանդավառությունն ու փարիսեցիաբար օդ արտանետած ճառերը զրոյական արժեք ունեն ՀՀ քաղաքացիների համար, որոնք հայտնվել են կարիքի ճիրաններում կամ շարունակում են ճամպրուկները հավաքել ու լքել երկիրը:

Ո՞ւմ եք խաբում, պարոնա՛յք, հայտարարելով, թե արդեն սկսում ենք կենսագործել ՀՀԿ առաջնորդի փետրվարի 12-ի թեզիսները, թե հենց ինքը Սերժ Սարգսյանն է քունը կորցրած օր առաջ ուզում սկսել արմատական բարեփոխումները, որը մեզ տանելու է դեպի պայծառ ապագա: Ութ տարի այդ մարդը մեզ դեպի խավարն է առաջնորդել, հիմա այդ ի՞նչ արմատական բարեփոխումներից եք խոսում: Հետն էլ ազգի գլխին «խրատական» կարդում, թե երկիրը պետք է զերծ մնա ցնցումներից, պետք է գնանք համերաշխության, հասարակական, քաղաքական կոնսոլիդացիայի ճանապարհով, որ կարողանանք համակարգային փոփոխություններ իրականացնել: Քանզի «Դա է պահանջում Հայաստանի շահը»: Այդ դո՞ւք եք խոսում Հայաստանի շահից, երբ երկիրը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում եք անխնա թալանել: Թալանելու ձեր ախորժակն այնքան մեծ է, որ վախենանք, թե շուտով բանը կհասնի մարդակերությանը:

Դուք ասում եք «Հայաստանի շահ», բայց դրա տակ հասկանում եք լափել ու ընտրություններում տոկոս խփել: Ընդամենը դա՛ է: Ուրեմն, խոսեք ձե՛ր շահի մասին, ոչ թե Հայաստանի: Մանավանդ որ անցած ութ տարիներին Սերժ Սարգսյանը լավագույնս է ապացուցել, որ իր և իր թիմի համար չկա՛ Հայաստանի շահ: Կա անձնական շահ, կուսակցական շահ, և հանուն այդ շահերի Սահմանադրությունը փոխեց, որպեսզի շարունակի ցմահ իշխել:

Սահմանադրական «բարեփոխումներից» հետո ամեն բան կարելի է ավարտված համարել: Սերժ Սարգսյանի ձեռամբ «արմատական բարեփոխումները» զավեշտի շարքից են: Անող լիներ՝ անցած ութ տարում կաներ, էլի:

Նույնքան զավեշտական են հնչում ազգային համաձայնության, համերաշխության ու կոնսոլիդացիայի մասին փքուն ու ճոռոմ խոսքերը: Ութ տարում Սերժ Սարգսյանը գոնե մեկ անգամ չփորձեց ժողովրդի հետ խոսել, ուղիղ դիմել ժողովրդին, վերջինիս լսել ու արձագանքել: Մյուս կողմից էլ, մեղադրելու չէ. ի՞նչ ունի խոսելու ժողովրդի հետ, ի՞նչ է արել , որ բաց ճակատով հաշվետվություն ներկայացնի այն ժողովրդին, որի հաշվին ինքն առոք-փառոք ապրում է: Այնպես որ, «Հիմարի դերը գնացեք ձեր տանը խաղացեք»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը