Լրահոս

17.12.2009 18:36


Թուրք լրագրող. «Երանի՜ Ամերիկայում հայկական այս բանաձևն ընդունվի–վերջանա, մենք էլ մի հատ տեսնենք, թե ինչ է լինելու»

Թուրք լրագրող. «Երանի՜ Ամերիկայում հայկական այս բանաձևն ընդունվի–վերջանա, մենք էլ մի հատ տեսնենք, թե ինչ է լինելու»

Այսօր «Հայելի» ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան «CNN Turk» հեռուստաալիքի լուրերի խորհրդատու Ֆերհաթ Բորաթավն ասել է, որ եթե Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, ապա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կդանդաղի, բայց չի դադարեցվի։

-Կարծում եմ, որ հետագայում տարբեր երկրներ, տարբեր կառույցներ նորից պետք է Հայոց ցեղասպնության հետ կապված բանաձևեր ընդունեն,- նշել է նա՝ հավելելով.

-Գիտեմ, որ երբ Թուրքիայում ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ գործընկերներս և այլոք հեռուստատեսությամբ դիտում են Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրները, մաղթում են՝ երանի՜ Ամերիակայում հայկական այս բանաձևն ընդունվի-վերջանա, մենք էլ մի հատ տեսնենք, թե ինչ է լինելու։

Իսկ եթե Թուրքիայի խորհրդարանն արձանագրությունները չվավերացնի, թուրք լրագրողի կարծիքով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կակտիվանա։

«Milliyet» օրաթերթի լրագրող Կադրի Գյուրսելն էլ նշել է.

-Ես հավատում եմ, որ արձանագրությունները մեջլիսում, վերջիվերջո, պետք է ընդունվեն, և կարծում եմ, որ երրորդ կողմերին ասված է արդեն այդ բանը։

ԱՄՆ-ի դիրքորոշման և Բարաք Օբամայի գործելաոճի կապակցությամբ էլ թուրք լրագրողն ասել է հետևյալը.

-Իհարկե հայկական այս բանաձևը դամոկլյան սրի նման կախված է Թուրքիայի գլխին, բայց միայն կախված է, և ես կարծում եմ, որ Օբամայի կառավարությունն ինչպես միշտ (եթե անգամ Թուրքիայի մեջլիսը չվավերացնի արձանագրությունները) պետք է ասի՝ գիտե՞ք ինչ, վերջիվերջո, մի՛ անցկացրեք հայկական այդ բանաձևը, և պիտի հայտնի Կոնգրեսին, որ ես հավատացած եմ, որ Թուրքիան, վերջիվերջո, պե՛տք է վավերացնի, և նորից ապրիլի 24-ին, եթե անգամ մինչ այդ Թուրքիան վավերացրած չլինի, նորից պետք է մի կերպ արտահայտվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը