Մեկնաբանություն

16.09.2016 10:10


Մարդիկ անգամ չեն հանդուրժում կատակով գրված մի քանի տողը

Մարդիկ անգամ չեն հանդուրժում կատակով գրված մի քանի տողը

Վահան Թումասյան. «Լավ, մի բան էլ ես հարցնեմ, թեև գիտեմ, որ դուք կհամարեք, որ Գյումրին ու առաջադրված թեկնածուներին հաստատ ինձանից լավ եք ճանաչում: Բալասանյանը որևէ վատ բան արե՞լ է հասարակ գյումրեցուն, թե ինչ փոփոխություններ է արել անցած 4 տարիներին, գիտեմ: Հասկանում եմ՝ հիմա մոդայիկ է դարձել հայհոյել Բալասանյանին, բայց հասկանում եք՝ դա գյումրեցու շահից չի բխում, իրականում մարդը քաղաքում հազարումի լավ գործ է արել ու, բարեբախտաբար, շարունակելու է: Ես առհասարակ ընտրություններին չմասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել եմ, բայց որ այսպես սկսել եք հարձակվել ու յանի թե ցավում եք Գյումրու համար... ախր վիրավորում եք անձնական, եթե ձեզանից մեկի մասին նման հայհոյանքներ գրվեր, դուք ի՞նչ կանեիք։ Իհարկե, մտքովս էլ չի անցնում արդարացնել ձեզ ահաբեկողին, թեև անկեղծ կասկածում եմ, որ Բալասանյանի համախոհներից կլինի: Բայց իրոք չեմ հասկանում՝ ինչու եք այսքան պղտորում առանց այդ էլ ամենակեղտոտ նախընտրական վիճակը»:

Ֆեյսբուքյան իմ էջում, ի թիվս այլոց, նաև մեկնաբանություն է թողել «Շիրակ Կենտրոն» Հ/Կ-ի նախագահ Վահան Թումասյանը: Մի կողմ թողնենք այն, որ իմ գրառման մեջ ոչ վիրավորանք կա, ոչ էլ հայհոյանք: Պարոն Թումասյանը ինձ շփոթում է Սամվել Բալասանյանի պաշտպանների հետ, որոնք հայհոյել ու ահաբեկել են ինձ: Մարդիկ անգամ չեն հանդուրժում կատակով գրված մի քանի տողը, որ շարադրել էի՝ հիմնվելով Բալասանյանի մի խոստման վրա և վերջինիս պատկերացումների շրջանակում ներկայացրել էի ևս մի քանի «խոստում»:

Սակայն ինձ զարմացրեց «Բալասանյան դաշինքի» թեկնածու Բալասանյանին պաշտպանելու մղումով արված Թումասյանի սատարիչ մեկնաբանությունը: Զարմացա, քանի որ ընդամենը 9 ամիս առաջ նույն՝ Վահան Թումասյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր. «Դատապարտված ու պլեն ընկած մարդիկ ավելի լավ են ապրում, քան գյումրեցիները» («Առավոտ» դեկտեմբերի 4, 2015): Իսկ հիմա պնդում է, որ Բալասանյանը «քաղաքում հազարումի լավ գործ է արել ու, բարեբախտաբար, շարունակելու է»:

Հարց է առաջանում՝ վերջին 9 ամսո՞ւմ է գործող քաղաքապետին հաջողվել պլեն ընկած մարդկանցից վատ ապրող գյումրեցիների համար հազարումի լավ գործ անել: Ով-ով, բայց գոնե Թումասյանը հիանալի գիտի Գյումրու քաղաքապետի պաշտոնում Բալասանյանի չորսամյա գործունեության «արդյունքները», որոնց անցած տարիներին լրատվամիջոցները մանրամասն անդրադարձել են:

«Գյումրիի նախակրթարաններում երեխաները թերսնվում են» («Գալա» 21.02.214) հոդվածում նշվում է, որ մրցույթը շահած ընկերությունը սնունդն էժան գնել է խանութից և թանկ գնով վաճառել նախակրթարաններին:

«Գյումրեցի գործարարները դժգոհում են ստեղծված պայմաններից» («Ասպարեզ» 11.07.2013): Ի դեպ, մարզպետի նախաձեռնությամբ գործարարների հետ հանդիպման ընթացքում Բալասանյանն ասել է, որ Գյումրին սեյսմիկ գոտի է և ռիսկայնությունը շատ մեծ է ներդրում կատարելու համար:

«Ջուրը հասնում է Բալասանյանի գարեջրի գործարանի մոտ և օդանավակայան չի հասնում» («Ասպարեզ» 30.09.2016): «Գյումրիում գիշերային ժամերին մարդկանց անվտանգությունն ապահովված չէ» («Ասպարեզ»19.09.2016): Թեև քաղաքի արտաքին լուսավորության համար բավական մեծ գումար է հատկացվում, սակայն այդ խնդիրը պատշաճորեն լուծված չէ:

«Գյումրու ավագանու անդամները հարստանում են փողոցաշինության հաշվին» («Ասպարեզ» 30.09.206): «Գյումրիի քաղաքապետի թիկնապահները Քաղաքի օրվա հանդիսության ընթացքում ծեծել են էլեկտրիկին» («Իրատես de fakto» 22.10.2013):

Անցած տարիներին նմանօրինակ բազմաթիվ հրապարակումներ են եղել: Հրապարակում է եղել նաև այն մասին, որ քաղաքապետարանի աղքատ բյուջեից Բալասանյանը 5 միլիոն դրամ է նվիրաբերել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հիմնադրամին, ինչի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել գյումրեցիները: Պակաս աղմկահարույց չէր ավագանու որոշումը՝ Լ. Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին:

Ըստ գյումրեցիների, Բալասանյանը նաև բենզալցակայանների շինթույլտվություններ է արտոնել իր մեձավորների համար, որոնք գործում են Շիրակացի, Մուսայելյան, Խանջյան փողոցներում և Մուշ թաղամասում: Չորս տարվա ընթացքում քաղաքի բյուջեն նվազել է 100 միլիոնով: Կարևորը Բալասանյանն իր արձանը ժամանակին կերտել է սեփական գործարանի պատին: Ահա՛ և փորձեցինք ներկայացնել նրա կատարած «հազարումի լավ գործերից» մի քանիսը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը