Մեկնաբանություն

17.09.2016 08:15


Գործող իշխանության «մեծահոգությունը» տևում է մինչև ընտրությունները

Գործող իշխանության «մեծահոգությունը» տևում է մինչև ընտրությունները

Դատելով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականների «մարդասիրական» բնույթից՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը նրան Կառավարություն է բերել նախընտրական շրջանում ամբոխահաճո ձեռնարկներն արագացնելու նպատակով: 2017-ի խորհրդարանական ընտրություններում «կայուն մեծամասնություն» ձևավորելու համար այսօրվանից արդեն գործող իշխանությունը ժողովրդի սիրտը շահելուն ուղղված քայլեր է իրականացնում:

Կառավարության նիստում Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հանձնարարեց քայլեր ձեռնարկել գազի և էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու ուղղությամբ: Անցած երկու տարիներին, երբ պողոտաներում և հրապարակներում գազի և էլէներգիայի սակագների դեմ Բաղրամյան 26-ի քաղակտիվիստները «պայքարի» դիտարժան շոուներ էին իրականացնում, այդ ամենն արվում էր այլ նպատակով (գոլորշին բաց թողնելու), և, ի վերջո, սակագնի նվազում չեղավ: Հիմա՛ է ժամանակը, երբ առջևում 2017-ի համապետական ընտրություններն են:

Օրեր առաջ էլ ԿԳ նախարարը հայտարարեց, թե ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների համար ուսման վարձավճարի հետ կապված զեղչեր են արվում: Առողջապահության ոլորտում էլ կոնկրետ վիրահատության համար գնի նվազման մասին խոսվեց: Հնարավոր է՝ ՀՀԿ կանանց խորհուրդն էլ ձրի բուժօգնության կամ հետազոտման միամսյակ հայտարարի և բազմաչարչար հայ կանանց հերթագրի՝ մատից արյուն վերցնելու համար:

Շուտով, հավանաբար, կլսենք նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազման մասին (թեկուզ՝ 2 դրամով): Չի բացառվում՝ սուպերմարկետներում 10–դրամանոց տոպրակների մասով էլ «զեղչեր» անեն: Եվ այդպես շարունակ:

Ութ տարի ՀՀԿ ղեկավարն ու իր թիմը ոչինչ չեն արել ՀՀ քաղաքացիների կյանքը գոնե փոքր-ինչ բարելավելու համար: Սակայն հայտնի է, որ նախընտրական փուլերում Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակում սկսում են «մտածել» ժողովրդի մասին և մի քանի ամսով նրա համար երկիրը սարքում են «Ապահով Հայաստան»՝ թույլ տալով, որ քաղաքացիները «շռայլ» ապրեն. մի քանի դրամ պակաս վճարեն այս կամ այն ապրանքի համար:

Գործող իշխանության «մեծահոգությունը» տևում է մինչև ընտրությունները, իսկ դրանից հետո գները թռնում են մինչև «պատալոկ»: Հիմա էլ նույն «զեղչային առատաձեռնության» ցուցադրման փուլն է: Քանզի կարծում են, թե իրենց «պոտենցիալ» ընտրողներին պետք է կաշառել «զեղչային» ակցիաներով:

Եթե գազի և էլէներգիայի սակագների վերանայման հարցն այդքան հեշտ ու արագ կարելի էր կազմակերպել, ապա ինչո՞ւ դա չէին անում շատ ավելի վաղ: Պարզ է՝ ինչու: Գործող իշխանությունը «գթասրտություն» է դրսևորում միայն նախընտրական փուլերում: Ջհանդամը, թե երկիրն էլ հասցրել են աղետալի վիճակի:

Դժվար է պատկերացնել, թե ՀՀԿ-ի և նրա առաջնորդի կողմից արտահայտվող նախընտրական սիրաշահման կարճ միացումը որևէ ներգործություն կունենա՞ ընտրողների վրա: Ճիշտ հակառա՛կը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը