Լրահոս

18.12.2009 15:57


ՍԴՀԿ ԿՎ ատենապետ. «Ես ցավում եմ, որ ՀԱԿ–ն այդպիսի հայտարարություն արեց»

ՍԴՀԿ ԿՎ ատենապետ. «Ես ցավում եմ, որ ՀԱԿ–ն այդպիսի հայտարարություն արեց»

Դեկտեմբերի 17-ին «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ «Հայ ազգային կոնգրեսը» շարունակելու է որպես իր գործընկեր պաշտոնապես ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը:

-Ես ցավում եմ, որ ՀԱԿ-ն այդպիսի հայտարարություն արեց,- այսօր «Հայելի» ակումբում ասել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը՝ հավելելով.

-ՀԱԿ-ը պետք է ավելի լայնախոհ լիներ, պետք է սպասեր։ Թող սպասեր. ինքը շատ լավ գիտեր, թե իր հետ համագործակցողներն ովքեր են։ Այս օրերին ամբողջ արտասահմանյան տարածքում ՀԱԿ գոյություն չունի։ Հնչակյան կուսակցությո՛ւնն է, որ անում է այդ ամենը։

Ս. Աճեմյանն ավելացրել է նաև, որ իրենք ՀԱԿ-ի հետ համագործակցության տեսանկյունից որևէ խնդիր չունեն, քանի որ ՍԴՀԿ-ն տարիներ շարունակ ընդդիմություն է եղել.

-Նախ՝ ՀԱԿ-ը գոյություն չուներ մեր՝ ընդդիմություն եղած ժամանակաշրջանում։ Դա իրականություն է։ Մենք 10-12 տարի է՝ ընդդիմադիր քաղաքականություն ենք վարում։ Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ասպարեզում նույնիսկ չկար։ Մե՛նք մեր քաղաքականությունը պահել ենք։  Պատահական երևույթ չէ, որ այսօր Հնչակյան կուսակցությունն ընդդիմություն է, և ընդդիմադիր քաղաքականությունը պետք է շարունակի մինչև վերջ։ Կխնդրեի, որ ՀԱԿ-ը մի քիչ ավելի լայնախոհ լիներ, անձերով ղեկավարվելու քաղաքականությունից հեռանար, մտածեր, որ երբ Հայաստանի մեր հնչակյանությունը ղեկավարությանն է նշանակել, նշանակում է, որ ինքը պետք է ճանաչեր վերջինին։

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանն էլ հավելել է, որ այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե ՀԱԿ վերոնշյալ հայտարարությունը ՀԱԿ քաղխորհրդի՞նն է, ՀԱԿ-ի գրասենյակի՞նը, թե՞ այլ հայտարարություն է։

-Քաղխորհրդի անդամների հետ ես խոսել եմ։ Քաղխորհուրդը նման հայտարարություն չի ընդունել,- վստահեցրել է Վ. Շիրխանյանը,- ՀԱԿ-ը համազգային շարժում է։ Մենք Հայաստանի ժողովուրդ ենք և համագործակցելու ենք  այդ շարժման հետ։ Այս մոտեցումը չընդունել ՀԱԿ-ը չի կարող։ Հանրահավաք է անում, գնում ենք, մեր ժողովրդին տանում ենք, մեր տեսակետները՝ ընդդիմադիր տեսակետները, հայտնում ենք, այնպես որ այստեղ որևէ խնդիր գոյություն չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը