Լրահոս

28.10.2010 12:39


Կոալիցիոն կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Օրինաց երկիր» կուսակցությունը համոզված են, որ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը համայն հայության երազանքն ու նպատակն է։

Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից  ԼՂՀ միակողմանի  ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին և զորակցում է խորհրդարանական կոալիցիան:

Անցած 18 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես շահագրգիռ մոտեցում է ցուցաբերել բանակցային գործընթացին՝ համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների ազնիվ և հետևողական կենսագործման պայմաններում։

Միաժամանակ, համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման և սեփական պետություն ունենալու իրավունքը այն բարձրագույն արժեքն է, հանուն որի  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես պատրաստ է գնալ առավել վճռական քայլերի, եթե բանակցային գործընթացը ձախողվի՝ վտանգելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը։

Ընթացող բանակցային գործընթացի ձախողման պարագայում մենք թե՛ ինքներս կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման քայլը, թե՛ կսատարենք դրանով մտահոգ ցանկացած այլ քաղաքական ուժի նախաձեռնությանը։

Այս պահին իշխող քաղաքական կոալիցիան հայտարարում է, որ չի մասնակցելու  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան

Այս խորագրի վերջին նյութերը