Լրահոս

28.10.2010 15:45


Մտքեր կարդալը կարող է իրականություն դառնալ

Ամերիկացի գիտնականները պնդում են, թե գտել են երազները պատճենահանելու և դրանց էլեկտրոնային ձայնագրման եղանակը։

«Nature» ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները հավաստիացրել են, որ իրենց նպատակը ոչ թե ուրիշի երազներին հետևելն է, այլ երազատեսության գործընթացն ուսումնասիրելը։

-Իհարկե, մենք նաև կցանկանայինք սովորել տեսնել ուրիշի երազները,-այնուամենայնիվ խոստովանել է նախագծի ղեկավար դոկտոր Մորան Սերֆը։

Դարերի ընթացքում մարդիկ հետաքրքրվել են երազներով և փորձել են մեկնաբանել դրանք։ Հին Եգիպտոսում, օրինակ, երազատեսությունը աստվածային շնորհ է համարվել։

Ավելի ուշ երազների մեկնաբանությունը սկսել է օգտագործվել հոգեբանության մեջ՝ ենթագիտակցական գործընթացները հասկանալու համար։

Սակայն մինչ օրս ուրիշի երազներ մուտք գործելու միակ հնարավորությունը արթնանալուց հետո «ականտեսի»՝ իր երազը պատմելու մեթոդն է եղել։

Դոկտոր Սերֆի ծրագրի նպատակն է ստեղծել մի սարք, որը հոգեբաններին հնարավորություն կտա ուղեղի գործունեության էլեկտրոնային պատկերների շնորհիվ տպել երազատեսության  գործընթացը։

Դոկտոր Սերֆն իր եզրակացություններն արել է նախնական փորձարկումների հիման վրա, որոնք վկայում են այն մասին, որ ուղեղի անհատական բջիջները կամ նեյրոնները զուգորդվում են որոշակի առարկաներով կամ կերպարներով։

Փորձարկման ժամանակ պարզ է դարձել, որ երբ կամավորը, օրինակի համար, մտածել է Մերիլին Մոնրոյի մասին, ապա նրա ուղեղում որոշակի նեյրոն է աշխուժացել։

Փորձարկման մասնակիցներին ցույց տալով տարբեր նկարների հավաքածուն՝ դոկտոր Սերֆն ու իր գործընկերները կարողացել են առանձնացնել այն նեյրոնները, որոնք ամեն մի որոշակի դեպքում ամփոփվում են անհատական տվյալների բազայում։

Հետևելով նրան, թե ինչպես և ինչպիսի հերթականությամբ են աշխուժանում որոշակի նեյրոններ՝ բժիշկները հնարավորություն են ստացել փորձարկվողների «մտքերը կարդալ»։

Դոկտոր Սերֆը ոգևորված խոստովանել է, որ երազների տեսագրման սարքի ստեղծմանը դեռ շատ ժամանակ կա, սակայն դրա  համար բոլոր տեսական հնարավորությունները կան։

Հոգեբույժ և երազատեսության մասնագետ բժիշկ Ռոդրիկ Օները չի հավատում, թե նոր տեխնոլոգիան թերապևտիկ նպատակների համար օգտակար կլինի, չնայած խոստովանում է, որ այս մտահղացման մեջ անձնական և ակադեմիական հետաքրքրություն ունի։

Մեթոդի մյուս խնդիրն այն է, որ նեյրոններին հետևելու համար անհրաժեշտ է վիրահատական միջամտությամբ մարդկանց ուղեղում հատուկ էլեկտրոդներ տեղադրել։ «Nature» ամսագրում նկարագրված հետազությունը  կատարվել է ընկնավորությամբ տառապող հիվանդների նկատմամբ, որոնց  ուղեղում էլեկտրոդներ են տեղադրվել՝ հիվանդությունը վերահսկելու և բուժելու նպատալով։

Այս խորագրի վերջին նյութերը