Լրահոս

28.10.2010 18:01


Հայաստանում Իսրայելի դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Շմուել Մեյրոմին (նստավայրը՝ Երուսաղեմ) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը' շնորհավորելով դեսպան Մեյրոմին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-իսրայելական հարաբերությունների առավել ամրապնդման գործում եւ արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Մեյրոմը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար' վստահեցրեց, որ իր երկիրը կարեւորություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնմանը եւ ինքը կանի առավելագույնը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ: Այս ենթատեքստում Իսրայելի դեսպանը ներկայացրեց իր երկրի դիրքորոշումը մերձավորարեւելյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ:  

Այս խորագրի վերջին նյութերը