Լրահոս

02.10.2016 13:50


‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Բալասանյանի խմորեղենն էր բաժանում (լուսանկար)

‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Բալասանյանի խմորեղենն էր բաժանում (լուսանկար)

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը փոխանցում է, որ ‹‹Գյումրեցու ոգի›› կուսակցության վստահված անձը Ս. Բալասանյանի ուղարկած խմորեղենն էր բաժանում 34/18 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում:

«asparez.am»–ը գրում է. «Այս ընտրատեղամասում կնքված քվեաթերթիկները հանձնաժողովականների սեղաններին անակնկալ հայտնվեցին: Պարզաբանումներին ի պատասխան՝ ընտրատեղամասի նախագահը վստահեցրեց, որ հենց նոր են կնքվել եւ ստորագրվել:

Բալասանյան դաշինքի վստահված անձը պարբերաբար զանգեր ստանալուց հետո առանձնանում էր ընտրատեղամասի նախագահի հետ: Նա նաեւ հաղորդագրության միջոցով ուղարկում էր այն քաղաքացիների անուն-ազգանունները, բնակության հասցեները, ովքեր այդ պահին ընտրություն էին կատարում:

Թիվ 34/18 ընտրատեղամասի հենց մուտքի մոտ էլ հարցումներ է անցկացնում Արման Օհանյան անունով մի երիտասարդ: Նա ձեռքին ուներ քվեաթերթիկի նմուշների նմանությամբ թերթիկներ, որոնց վրա գրված է բոլոր քաղաքական ուժերի անունները: Ընտրատեղամասից դուրս եկող քաղաքացիներից նա հետաքրքրվում էր, թե ում են ընտրել: Մեր միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ երիտասարդը ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչ է, իսկ հարցախույզը`արտոնված: Այնուհետ կրկին մեր միջնորդությամբ նախագահը երիտասարդին հեռացրեց ընտրատեղամասի մուտքի մոտից:

Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այդ երիտասարդի` Արման Օհանյանի եւ «Գյումրեցու ոգի» կուսակցության վստահված անձի հարաբերությունները բավականին ջերմ էին: Նրանք պարբերաբար հանդիպում էին, զրուցում, վստահված անձը թերթիկներն էր նայում:

Ժամը 11:00-ի սահմաններում ընտրատեղամաս բերվեցին Սամվել Բալասանյանի կողմից ուղարկված թխվածքները, սուրճը եւ հանքային ջրերը: «Գյումրեցու ոգի» կուսակցության վստահված անձը սկսեց տեղավորել եւ հանձնաժողովականներին հյուրասիրել քաղաքապետի թեկնածուի ուղարկած սննդամթերքները:

Ընտրատեղամասում ակտիվ էր նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Նրանց վստահված անձինք երկուսն էին թիվ 34/18 ընտրատեղամասում»:

Այս խորագրի վերջին նյութերը