Մեկնաբանություն

04.10.2016 09:55


Ինչպես են քաղվում դասերը

Ինչպես են քաղվում դասերը

Ապրիլյան պատերազմից հետո, երբ մարդկային և տարածքային կորուստներ ունեցանք, Սերժ Սարգսյանն այդպես էլ դասեր չքաղեց: Վերջին զորահանդեսում «Իսկանդերների» ցուցադրումը դասեր քաղել չէ (կռվից հետո «բռունցքներ ցույց տալն» անլուրջ է):

«Սասնա ծռերի» գործողությունից հետո նույնպես Սերժ Սարգսյանը դասեր չքաղեց: Հակառակը՝ «մուննաթ» եկավ ժողովրդի մեծ մասի վրա, թե ինչու են սատարում «ահաբեկիչներին»: Այդպես էլ չփորձելով թեկուզ ձևականորեն մի երկու բառ ասել այն մասին, թե ինչու զինված խմբավորումը դիմեց այդ քայլին:

Եթե պատճառների մասին հստակ չես հայտարարում, նշանակում է՝ դասեր քաղելու ցանկություն չունես: Փոխարենը՝ սկսեց տակնուվրա անել կառավարման համակարգը՝ ցույց տալով, թե, իբր, փոփոխություններ է իրականացնում: Խաբկանք: Այսպես կոչված, նոր Կառավարության նկատմամբ էլ հանրային վստահություն չկա: Եթե սկզբում մարդկանց մոտ ինչ-որ հույսեր արթնացան, ապա հիմա այդ հույսերն էլ են մարել:

Հերթական աղետից հետո դասեր չքաղելու ՀՀԿ ղեկավարի «խասյաթը» կրկին անգամ դրսևորվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Վերստին ակնհայտ դարձավ, որ իշխող ուժի ու նրա ղեկավարի համար «բարեփոխումներ» կամ «փոփոխություններ» ասվածները բառերից այն կողմ չեն անցնում: Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների մասին ճռճռան ելույթներից հետո Գյումրիում և Վանաձորում, ընդհանրապես՝ 5 մարզերում տեղի ունեցածը ամենավառ երևակայություն ունենալու դեպքում հազիվ թե կարելի է համարել «ազատ, արդար, թափանցիկ» ընտրություններ:

Ընտրակաշառքների, ընտրակեղծիքների, ընտրախախտումների «շքեղ հրավառություն» էր այն, ինչ տեսանք: Եվ այդ ամենը իշխանությունն իրականացրեց ավելի սանձարձակ ձևով՝ թքած ունենալով ՀՀ քաղաքացու ազատ ընտրության իրավունքի վրա: Ինչ խոսք, Հանրապետականի սանձարձակ գործելաոճին տեղերում նպաստեցին նաև իրենց ձայնը վաճառող գյումրեցին ու վանաձորցին, մյուս համայնքների ընտրողները: Բայց իշխանությունն է պատասխանատու ընտրական գործընթացի համար, ՀՀԿ-ն և նրա ղեկավարը, որոնք մինչև ընտրությունները մեծախոսում էին, թե «պահպանելու ենք օրենքի տառը»: Այն դեպքում, երբ իրենք ու օրենքը միմյանց հակացուցված են:

Այս այլանդակությունն էլ ավարտվեց, և դարձյալ Սերժ Սարգսյանը դասեր չի քաղելու: Թող ոչ ոք նման հույսեր չփայփայի: 2017-ի ապրիլին գործող իշխանությունն ավելի սանձարձակ է գործելու, եթե այս ամենը հանրությունը շարունակելու է հանդուրժել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը