Լրահոս

29.10.2010 09:36


2010թ. Հայաստանի խոշոր հարկատուները

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2010թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը: Ըստ այդմ՝ ամենաշատ հարկ մուծած ընկերությունը, ինչպես և այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, շարունակում է մնալ «Հայռուսգազարդ» ընկերությունը՝ շուրջ 13 մլրդ դրամ հարկային վճարումներով։ Անցյալ տարվա առաջին 9 ամիսների համեմատությամբ՝ այս տարի ընկերությունը ավելացրել է իր վճարումները 21%-ով։ Երկրորդ տեղը շարունակում է պահպանել նաև գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը», որը վճարել է 12.6 մլրդ դրամ հարկ, ինչը 17 %-ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից։ Երրորդ և չորրորդ տեղերում հեռախոսակապի երկու օպերատորներ են՝ Ղ-Տելեկոմը և Արմենտելը՝ համապատասխանաբար 12.2 և 11.1 մլրդ դրամ ցուցանիշներով։

Ընդհանուր առմամբ, առաջատար տասնյակի կազմը գրեթե մնացել է նույնը՝ մեկ բացառությամբ. միանգամից 10 տեղով բարձրանալով, 5-րդ տեղում է հայտնվել երբեմնի կայուն առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այս ընկերությունն իր հարկային վճարումներն ավելացրել է 316%-ով, այսինքն՝ ավելի քան 4 անգամ, ինչը պայմանավորված միջազգային շուկաներում պղնձի գնի բարձրացմամբ՝ անցյալ տարվա՝ 1 տոննայի համար 3-4 հազ. դոլար գնից հասնելով ներկայիս 8 հազ. դոլար մակարդակին։ Առաջատար տասնյակի մյուս ընկերությունների հերթականությունը նախորդ տարվա համեմատությամբ չի փոխվել։

Առաջատար 20-յակի մյուս ակնհայտ տեղաշարժը կապված է «Երևանի ջերմաէլեկտրակայան» ընկերության հետ, որը անցյալ տարվա 88 մլն հարկի փոխարեն, այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել է 3.26 մլրդ դրամ, այսինքն շուրջ 37 անգամ ավել, ինչը պայմանավորված է նոր ջերմաէլեկտրակայանի արդիականացմամբ և նոր շոգետուրբինի գործարկմամբ պայմանավորված ներդրումներով։

Ընդհանուր առմամբ 2010թ. առաջին 9 ամիսների արդյունքներով 1000 խոշոր հարկատուները միասին 17.7%-ով ավելի շատ հարկ են մուծել (318.5 մլրդ), քան անցյալ տարվա առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուները՝ (270.5 մլրդ): Այս տարվա առաջին կիսամյակին այդ աճը 2009թ. առաջին կիսամյակի համեմատ կազմում էր 23%։

Ի դեպ, եթե անցյալ տարվա առաջին 9 ամիսներին 20 խոշոր հարկատուներին միասին վերցրած բաժին էր ընկնում 1000 խոշոր հարկատուների մուծած հարկերի 36.1%-ը, ապա այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշը աճել է 1 տոկոսային կետով՝ 37.1%: Տեսակարար կշռի փոփոխության առումով էական տարբերություն չկա նաև 100 խոշոր հարկատուների կտրվածքով. եթե 2009թ. առաջին 9 ամիսներին 100 խոշորագույն հարկատուների մուծած հարկերի կշիռն ընդհանուրի մեջ կազմում էր 60.9%, ապա այս տարի՝ 61.7%։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ 2010 թ. ինն ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են ավելի քան 441.1 մլրդ դրամ և ապահովել իննամսյա ծրագրի 109.2%-ը: 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերը աճել են 18.9%-ով կամ 70.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի աճով:

Այս խորագրի վերջին նյութերը