Մեկնաբանություն

06.10.2016 14:40


Անցումային շրջանի թիվ մեկ հարցը

Անցումային շրջանի թիվ մեկ հարցը

1991–ից հետո մշտապես հայտարարվում է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անցումային շրջանում։

Հին չինական անեծքի համաձայն՝ մարդն ամենավատն ապրում է անցումային շրջանում։

Այսօր Սերժ Սարգսյանը նոր Կառավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նորանշանակ վարչապետն ու նախարարները անցումային շրջանի առաջնորդներն են։ Նկատի ունի մինչև պետական կառավարման նոր մոդելին անցնելու ժամանակահատվածը։

Չինական տարբերակով ստացվում է, որ հիմա մենք անեծքային փուլում ենք։ Հարցն այն է, թե «անցումից» հետո ով «կմնա» անեծքի տակ, ով ինչպես ու ինչ գնով դուրս կգա անեծքի տակից։

Պարզից էլ պարզ է, որ Սուրեն Խաչատրյանին Վահե Հակոբյանով փոխարինելով (մեկ այլ Վահե Հակոբյան արդեն հասցրել է փոխարինել Լիսկային ու շատ արագ վերափոխարինվել) մեր երկրի խնդիրները չեն լուծվում, և անցումային շրջանի դժվարությունները չեն հաղթահարվում։

Պարզ է նաև, որ նոր վարչապետին այսպիսի կադրային որոշումն ինչ–որ չափի «կրեդիտ» է տալիս ու ստարտային լավ հնարավորություն ապահովում, բայց՝ կարճաժամկետում (երկարաժամկետում «կրեդիտը» կարող է ավելանալ սոցիալ–տնտեսական ոլորտում կոնկրետ արդյունքների դեպքում)։

Անցած տարիների փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման պարագայում չեն կարող դժվարությունները հաղթահարվել։

Եթե Սերժ Սարգսյանը փորձի նոր Սահմանադրության շրջանակներում մնալ պետության ղեկին, ապա այդ դժվարությունները կավելանան, քանզի «անցումային շրջանը» կդառնա «մնայուն կատեգորիա»։ Եվ ուրեմն, մեր երկիրը կմնա չինական անեծքի տակ։ Այս անցումային շրջանի թիվ մեկ հարցը, հետևաբար, հետևյալն է՝ անցումային այս շրջանը հնարավոր կլինի՞ օգտագործել Հայաստանում իրական փոփոխության հասնելու համար, թե՞ ոչ։ Սա հռետորական հարցերի շարքից չէ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը