Լրահոս

29.10.2010 13:10


ՀՌԱԿ հայտարարություն

Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության,  ՀՀ  արտաքին  պարտքը  2010 թ. հուլիսի դրությամբ հասել է 3 մլրդ դոլարի։  ՀՀ  պետական  պարտքից  2,5  մլրդ  դոլարը  (82,8 տոկոսը)  բաժին  է ընկնում  ՀՀ  կառավարությանը,  իսկ  520  մլն  դոլարը  (17,2 տոկոսը)՝  Կենտրոնական  բանկին:

Ուսումնասիրելով 2011 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, կարելի է եզրակացնել, որ շարունակվելու է Հայաստանի քաղաքացիների ստրկացման գործընթացը' կախվածության մեջ պահելով նրանց եւ գալիք սերունդներին Հայաստանի խոշորագույն վարկատու համարվող Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային ընկերակցությունից, որին մեր երկիրը պարտք է 1,1 մլրդ դոլար (ընդհանուր պարտքի 36,5 տոկոսը), իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը մեր վարկատուների շարքում երկրորդն է՝ 640 մլն դոլար  (ընդհանուր պարտքի 21,2 տոկոսը):

    Հայաստանի քաղաքացիներն ու նրանց սերունդները պարտք են նաեւ Ռուսաստանին' 500 մլն դոլար (ընդհանուր պարտքի 16,5 տոկոսը), Ճապոնիային՝ 331 մլն դոլար, Ասիական զարգացման բանկին՝ 131 մլն դոլար, Գերմանիային՝ 121 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին՝ 58,5 մլն դոլար, ԱՄՆ-ին՝ 33 մլն դոլար, ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամին՝ 28 մլն դոլար:

    Այս ամենին եթե ավելացնենք Վիճպետկոմի այն ցուցանիշը, որ 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 0,6 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 2,3 մլրդ դոլար, այսինքն' արտաքին առեւտրի բացասական սալդոն շարունակել է մեծանալ եւ հասել է  ռեկորդային բարձր մակարդակի՝ 1,76 մլրդ դոլարի եւ կազմում է ՀՆԱ 32,7 տոկոս, ապա կստացվի, որ Հայաստանը ամենավատ վիճակում է Եվրասիա մայրցամաքում: Սա է «հայրենի» կառավարության իրական պատկերը, որն այս օրերին փորձում է հաճոյանալ միջազգային տարաբնույթ կազմակերպություններին, որոնք քամում են Հայաստանն ու նախապատրաստում գալիք քաղաքական զիջումների: Պաշտոնական հաշվարկները փաստում են, որ Հայաստանը պետական պարտքի մակարդակով արդեն հասել է շատ վտանգավոր կետի:

    Զարմանք է հարուցում այն հանգամանքը, որ ըստ 2011 թ. ՀՀ պետական բյուջեի, նախագծում ավելացել են ՀՀ Կենտրոնական բանկի ծախսերը, որը հիմնական պատասխանատուն է տնտեսության ողբալի վիճակի' ինֆլյացիայի, գնաճի, բանկային բարձր տոկոսադրույքների եւ այլնի համար:

    Քաղաքակիրթ երկրներում, որտեղ կառավարությունները ծառայում են իրենց ժողովուրդներին' գնում են պետական ծախսերի կրճատման ճանապարհով: Նույնիսկ աշխարհակալ Մեծ Բրիտանիայի կառավարությունն իրականացրեց պետական ծախսերի էական տնտեսում' պետական պաշտոնյաների կրճատված հաստիքների թիվը հասցնելով մեկ միլիոնի, որը կազմում է ամբողջ համակարգի 40%-ը: Բրիտանիայի կառավարությունը խիստ լրջությամբ է վերաբերվում պետական պարտքին. հաշվի առնելով պետբյուջեի դեֆիցիտը, առաջին հերթին կրճատում է իր ծախսերը, այլ ոչ թե մտածում ավելացնելու մասին, ինչպես ՀՀ կառավարությունը ու մի բան էլ հայտարարում, թե տնտեսությունն աճելու է:

    ՀՀ  կառավարությունը  2010  թվականի  հուլիսին  ընդունել  է  2011-13 թվականների պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիր, որով նախատեսվում է արտաքին պետական պարտքը առաջիկա տարիներին բարձրացնել եւ 2013-ին հասցնել 4 մլրդ. դոլարի' ներկայիս 3-ի փոխարեն: 

   Ցինիզմը հասել է այն աստիճանի, որ ՀՀ կառավարության հրապարակած  ծրագրում ձեւակերպված չէ, թե ինչ նպատակով են վերցվում պարտքերը' տնտեսությո՞ւնը զարգացնելու, թե՞ կուտակված վարկերի տոկոսները փակելու համար: Ահա այսօրվա կառավարության աշխատաոճը, որը որեւէ բացատրություն, հիմնավորում չի տալիս հանրությանը ու, առաջին  հերթին,  հարկատուներին:

   Ներկայիս կառավարությունն իր դրամավարկային ու հարկային վարվող դիլետանտական քաղաքականության արդյունքում ոչնչացման եզրին է հասցրել հայաստանաբնակ արտադրողի հնարավորությունները, կարելի է փաստել, որ իրենց գոյության վերջին կռիվն են տալիս եւ հաստատ կպարտվեն վերջնականապես, եթե այս կառավարությունը շարունակի իր գոյությունը:

   Այսօր Հայաստանի տնտեսության զարգացման միտումը չի երեւում, եւ չկա տրամաբանություն, որ այդ զարգացումն ապահովելու համար հարկավոր են լրացուցիչ վարկային միջոցներ: Այսինքն՝ չունենալով որեւէ պատկերացում տնտեսության զարգացման մասին, պարզապես գումարներ են վերցնում, ինչպես, օրինակ, ռուսական վարկը, որի ամենազավեշտալի մասն այն է, որ դրանից 40 մլն դոլար տրամադրեցին «ՀայՌուսգազարդին», որի 80%-ը պատկանում է ռուսական կողմին ու այդ ձեռնարկությունն ուղղակի կարող է վարկ վերցնել ռուսական որեւէ բանկից կամ հենց նույն հոլդինգի մեջ գտնվող Գազպրոմբանկից: Պարզից էլ պարզ է, որ գազի գինը հետագայում նորից թանկացնելու համար կեղծ պատրվակներ են ստեղծում ՀՀ կառավարությունը   «ՀայՌուսգազարդի»  հետ  միասին:

  Հայաստանի տնտեսությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 2.8 տոկոսով, մինչդեռ հունվար-օգոստոսի ցուցանիշը կազմել էր 3.1 տոկոս: Այսինքն' տնտեսությունը գրեթե կես տոկոս կրկին անկում է արձանագրել, ինչի մասին վկայում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները: Շինարարության ոլորտում արձանագրվել է 5.2 տոկոս անկում: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 17,9 տոկոսով, իսկ մանրածախ առեւտուրն աճել է ընդամենը 0.4%:

   Հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 3383.7 մլն դոլար, ինչը 2009 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 23.6%-ով։ Միեւնույն ժամանակ, արտահանումն ավելացել է 43.9 %-ով՝ կազմելով 705.3 մլն դոլար,  իսկ  ներկրումն  ավելացել  է  19.2%-ով, որը թվային արտահայտությամբ շուրջ 4 անգամ գերազանցում է արտահանման ծավալները' կազմելով  2678.4 մլն դոլար:

Կառավարությունն ամեն տարի հսկայական միջոցներ է առանձնացնում փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) խրախուսելու եւ աջակցելու համար, սակայն՝ ապարդյուն։ 2011 թ. պետական բյուջեում ՓՄՁ-ին աջակցելու համար նախատեսված է ընդամենը 150 մլն դրամ (410 հազ. դոլար), որը զիջում է 2009 թ. բյուջետային հատկացումներին մոտ 4 անգամ։ Ընդ որում՝ այդ 150 մլն-ից միայն 50 մլն-ն է նախատեսված բուն ՓՄՁ սուբյեկտների համար, մնացած 100 մլն-ը տրվելու է որպես աշխատավարձ ՓՄՁ զարգացման համար պատասխանատու չինովնիկներին:

 Հպանցիկ համեմատություն անելով նախորդ կառավարությունների հետ, անգամ, հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնները, կարելի է փաստել, որ ներկայիս կառավարությունը զբաղված է հանրային վնասարարությամբ եւ նրա գործունեության յուրաքանչյուր օրը կործանարար է պատերազմի մեջ գտնվող մեր երկրի  համար: 

Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության տնտեսական հանձնախումբ

Այս խորագրի վերջին նյութերը