Մեկնաբանություն

08.10.2016 11:37


Գյումրիի փորձն ու փորձադաշտը

Գյումրիի փորձն ու փորձադաշտը

Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրությունները կեղծվեցին, բայց, միևնույն է, չստացվեց իշխանական սցենարը:

Հիմա ուզում են չստացված սցենարը խմբագրել ավագանու մանդատները վերաբաշխելու միջոցով: Ձգտում են մանդատագողության. ընտրողների 1/3-ի ձայները «ստացած» «Բալասանյան» դաշինքին ուզում են տալ հարյուր տոկոսանոց իշխանություն՝ մեկական մանդատ ԲՀԿ-ից ու «Հայկական վերածնունդից» «թռցնելով»:

ԿԸՀ ղեկավարն արդեն «մեթոդական ցուցում» է տվել, թե ինչպես պետք է մանդատների քանակը հաշվի Գյումրիի իր «ֆիլիալը», բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ, քանզի օրենքը բացեր ունի և հակասում է Սահմանադրության տառին ու ոգուն:

Թե ինչպես իրեն կպահի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, պարզ կդառնա կիրակի օրը: Ակնհայտ է, որ Գյումրիի ընտրատարածքայինի վրա պետք է հանրային ու քաղաքական ճնշում կիրառել՝ հավասարակշռելու համար «վերևից» եկող ճնշումը:

Հանրային ու քաղաքական ճնշում պետք է լինի նաև խնդրի իրավական լուծմանը զուգահեռ: ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը» և ԳԱԼԱ-ն համատեղ հայտարարել են, որ գնալու են հարցի լուծման իրավական ու քաղաքական ճանապարհով ու թույլ չեն տալու ընտրության արդյունքների ձևափոխում:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ևս վիճարկում է ընտրության արդյունքները:

Ինչպես հայտնի է, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ-ը բողոքարկել է թիվ 34/3 ընտրատեղամասում տեղի ունեցած քվեարկությունը և այդ տեղամասում պահանջում է վերաքվեարկություն, քանի որ ընտրահանձնաժողովի մեղքով ոտնահարվել է ընտրողների իրավունքը, որի արդյունքում քվեաթերթիկներն անվավեր են համարվել (ի դեպ, 34/3-ի ընտրահանձնաժողովը գրավոր ընդունել է, որ իր մեքով է ոտնահարվել 99 ընտրողի իրավունքը, և անվավեր ճանաչվել նրանց քվեարկած քվեաթերթիկը):

Գյումրիի ընտրատարածքայինը մերժել է այդ բողոքը և ընդամենը վերահաշվարկ իրականացրել: Հարցի քննարկումը, բնականաբար, կտեղափոխվի ԿԸՀ: Բացի այդ, կա նաև վարչական դատարան դիմելու տարբերակը, քանզի բազմաթիվ ընտրատարածքներում կան անճշտություններ ընտրության արդյունքների ամփոփման արձանագրությունների և ԿԸՀ կայքում ներկայացված թվերի միջև: Այդ անճշտություններն այնքան են, որ կարող են ազդեցություն թողնել ընտրությունների արդյունքի վրա, մասնավորապես ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անցողիկ շեմի պահով:

Եթե ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ անցներ ավագանի, ապա այսօր արդեն լրիվ այլ պատկեր կլիներ Գյումրիում: Վեց տոկոսը Գյումրիում 2 մանդատ է նշանակում: Հենց այդ երկու մանդատի բաշխման հարցն է որոշելու քաղաքային իշխանության պատկերը:

Վերջին չորս ընտրատեղամասերում քվեարկության ամփոփումն արհեստականորեն և անհասկանալի մեկնաբանությամբ երկարաձգվեց, իսկ երբ սկսեցին հրապարակել տվյալները, վեցից յոթ տոկոսի միջակայքում կայուն տեղ պահպանող ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը հայտնվեց անցողիկ շեմից այն կողմ:

Մասնակիցների թվաքանակի ուռճացման պարագայում ՀԱՄԱԽՄԲՄԱՆ 2489 պաշտոնապես արձանագրված ձայների քանակն ընդամենը չնչին տոկոսի չափով չբավականացրեց, որպեսզի Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած ուժերը նոր էջ բացեին հանրապետության երկրորդ քաղաքում:

Հարկ է նկատել, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն ընդամենը 15-20 օրվա ընտրարշավի արդյունքում կարողացավ առավելապես երիտասարդներից բաղկացած Գյումրիի նորաստեղծ թիմով քաղաքում հասնել գերճանաչողության և վերցնել «փողոցը» (ՀԱՄԱԽՄԲՄԱՆ հրապարակային միջոցառումներն ամենամարդաշատն են եղել՝ սկսած բակային հանդիպումներից, վերջացրած երթով)՝ պաշտոնական տվյալներով հետ թողնելով իշխանական ու ֆինանսական ռեսուրսի տիրապետող ուժերի (ՀՅԴ, Ս. Բալասանյանի իրական թիմ հանդիսացող «Գյումրեցու ոգի»), ինչպես նաև ընդդիմադիր դաշտում տիտղոսային կարգավիճակի համար պայքարողներին («Քաղաքացիական պայմանագիր», ՀԱԿ): Վերջիններս, միասին վերցրած, մի քանի անգամ ավելի քիչ ձայն ստացան, քան ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ:

Ինչ վերաբերում է Գյումրիի իշխանության ձևավորմանը, ապա այս հարցը դեռ բաց է մնում: Պատահական չէ, որ դեռևս գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ճամբարում հաղթական տրամադրություն չկա:

Ամփոփենք. ինչպիսի որոշում էլ կայացվի մանդատների բաշխման կամ վերաքվեարկության առումով, միևնույն է, Գյումրիում անկայունությունն ու անորոշությունն առնվազն մինչև ԱԺ ընտրությունների ավարտը պահպանվելու են: Սա ցույց է տալիս, թե ինչպիսի շիլաշփոթ է սպասվում ԱԺ ընտրությունների ժամանակ, բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը