Մեկնաբանություն

11.10.2016 00:12


Նաղդալյանը և հայկական ժողովրդավարությունը

Նաղդալյանը և հայկական ժողովրդավարությունը

Իշխող ուժն ու նրա ղեկավարն ընտրութուններում ոչ միայն տոկոս են խփում, այլև ցինիզմի ու անպատկառության ռեկորդներ են սահմանում միջազգային հարթակներում:

ՏԻՄ ընտրությունների խայտառակ պատկերը, դրանց արդյունքները ոչ մի դեպքում արժանահավատ չհամարող, ընդհանրապես, ընտրական գործընթացի հանդեպ ժողովրդի խիստ բացասական վերաբերմունքն ու վերջինիս կողմից անեծքահիշոցախառը հրապարակային արձագանքները զանց առնելով՝ Հերմինե Նաղդալյանը հայտնվել է Ստրասբուրգում և ԵԽԽՎ ամբիոնից ձոներգել է սահմանադրական «բարոփոխումներն» ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ ծավալված քննարկումները: Կարճ ասած, փորձել է «լապշա կախել» վեհաժողովականների ականջներից:

Գալուստ Սահակյանի տեղակալը «փեշերը փռել» է իր իմաստուն առաջնորդի փրկարար գաղափարի վրա և հայտարարել, թե սահմանադրական և ԸՕ-ի «բարեփոխումների» շնորհիվ «ապագա սերունդները կապրեն խաղաղության ու կայունության մեջ»: ՀՀԿ-ական «տիկնանց տիկինը» նաև նշել է, թե ՀՀ իշխանություններն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկները թե՛ փոխված Սահմանադրության և թե՛ ԸՕ-ի մասով:

«Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի գերակայությունն է: Եվ դրանց պատշաճ ընթացքն ու լեգիտիմությունը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները»,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը: Դե, ԵԽԽՎ-ականները հո Գյումրիում, Վանաձորում և մնացյալ մարզերում չե՞ն եղել, որ իրենց աչքով տեսնեին ու համոզվեին, թե որն է իրականում ՀՀԿ-ի համար գերակայությունը՝ ազատ և արդար ընտրությունների անցկացո՞ւմը, թե՞ ընտրախախտումները, ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքները:

Եվրոպացին կիրակի և երկուշաբթի օրերին էլ չի եղել Հայաստանում, որ իմանար, ավելի ճիշտ՝ ապշահար լիներ Բալասանյանին շնորհած բոնուսներից ու ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի համար 19 ձայն խփելուց: Այս ամենը չի տեսել ու միայն լսում է Նաղդալյանի գովերգումը ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի մասին:

Իսկ ահա Ադրբեջանը, ըստ Նաղդալյանի, բանի տեղ չի դրել Վենետիկի հանձնաժողովին և սահմանադրական հանրաքվեն անցկացրել է այնպես, որ պահպանվի «Ալիևների տոհմի հավերժ իշխանությունը»: Եվ նման համեմատություն է անում մի ՀՀԿ-ական, որի առաջնորդը նույնպես նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որպեսզի փորձի պահպանել «Սարգսյանների տոհմի հավերժ իշխանությունը»:

Օտար լսարանի առջև հեքիաթներ պատմելով՝ սրանք կարծում են, թե այդկերպ իրենց կհաջողվի ներսում վստահություն շահել: Չկա՛ և երբե՛ք էլ չի եղել նման բան: Ժողովուրդը չի հավատացել և չի հավատում ՀՀԿ ղեկավարի և ոչ մի բառին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը