Լրահոս

21.12.2009 15:09


ՀՀԿ պատգամավոր. «Մարտի 1–ի էջը երբեք չի կարող փակված լինել»

ՀՀԿ պատգամավոր. «Մարտի 1–ի էջը երբեք չի կարող փակված լինել»

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի այն խոսքերին, որ մարի 1-ի էջը փակված է՝ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում ասել է.

-Մարտի 1-ի էջը երբեք չի կարող փակված լինել։

Մ. Բադեյանը նշել է, որ միգուցե Է. Շարմազանովը նկատի է ունեցել, որ հետաքննությունն է ավարտված.

-Բայց մարտի 1-ը կմնա մեր հիշողության մեջ, որովհետև մեր ժողովրդի 2 ստվար հատված եկան արյունալի բախման, որն, իհարկե, ցավալի է, և դրանից մեր հասարակությունը, ոչ միայն իշխանությունները, ամեն մեկը պետք է խոր հետևություններ անի, որ չկրկնվի։ Աստված չանի, որ հաջորդ անգամ նորից կրկնվի։

Քանի դեռ մեր երկրից արմատախիլ չեն արվել մարտի 1-ի պատճառները, այդ օրվա էջը թերթած չի համարել նաև նույն ակումբում հյուրընկալված ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

-Մարտի մեկի պատճառները՝ մի կողմից անհանդուրժողականությունը, անպատասխանատու, ցանկացած գնով, նույնիսկ բռնության ճանապարհով իշխանափոխության գնալու մոլուցքը, մյուս կողմից՝ լկտի ամենաթողության մթնոլորտը վերացված չլինեն մեր երկրում, մարտի 1-ը կարող է կրկնվել։

Վ. Հովհաննիսյանը, սակայն, 2009-ի դրական փաստերից է համարել այն, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից ամփոփվել և եզրակացություն է ներկայացվել մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ։ ՀՅԴ խմբակցության ղեկավարը կարծում է, որ չնայած բոլոր դժվարություններին և տարաբնույթ ասեկոսեներին ու մեղադրանքներին՝ այնուամենայնիվ, այդ հանձնաժողովն աշխատել է արդյունավետ։

-Եզրակացությունը ճիշտ էր և հավասարակշռված։ Այս առումով կարծում եմ, որ հասարակական կրքերը հանգստացնելու և հասարակությունն ավելի առողջ դարձնելու իմաստով ինչ-որ դրական,  դեպի առաջ մի քայլ կատարվեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը