Լրահոս

21.12.2009 17:11


Հակամրցակցային համաձայնություն և մոտ 456 միլիոն դրամի տուգանքներ դեղորայքի շուկայում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 2009 թ. սեպտեմբեր-նոյեմբերին իրականացված դիտանցումների համաձայն, արձանագրվել են սիրտ-անոթային, հակաշաքարախտային, հակավիրուսային և այլ դեղամիջոցների իրացման գների բարձրացումներ: Այդ փաստի հիման վրա Հանձնաժողովը դեղերի շրջանառության ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից օրենքի հնարավոր խախտումների բացահայտման նպատակով հարուցել է վարույթ, որն ընդգրկել է դեղերի շրջանառության ոլորտում ներկրման ծավալներով առնվազն 1 տոկոս բաժին ունեցող, ինչպես նաև դեղերի արտադրությամբ զբաղվող  25 տնտեսվարողների վարքագծի ուսումնասիրությունը: Հանձնաժողովը վարույթի ընթացքում ուսումնասիրել է տվյալ տնտեսվարողների կողմից 2009 թ. հունվար-սեպտեմբերին 38 անուն դեղի' արտադրության, ներկրման և իրացման ընդհանուր ծավալների, ինչպես նաև մինչև նոյեմբերի 15-ը դրանցից յուրաքանչյուրի մեկ միավորի գնի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվություն:
Ընկերություններից երկուսը իրացման գնի փոփոխության համար որպես հիմնավորում նշել են դրամի արժեզրկումը: Մինչդեռ' ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության, ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը ամսական կտրվածքով սեպտեմբերին աճել է 1,91, հոկտեմբերին' 1,51 և նոյեմբերին' 0,4 տոկոսներով: Եվրոյինը, համապատասխանաբար'3,96 , 3,37  և 1,05 տոկոսներով: Այսինքն, տարադրամների փոխարժեքների աճի տեմպերը նույնիսկ նվազել են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին և, բնականաբար, էական ազդեցություն չէին կարող ունենալ իրացման գների բարձրացման վրա:
Ուսումնասիրված 38 անուն դեղերից մեծ մասի դեպքում գնի կառուցվածքում առկա են չհիմնավորված բաղադրիչներ, որպես ապացույց ընտրվել են 11-ը. Պլավիքս, Պրեդուկտալ, Դիաբետոն, Դիաբետոն ՄՌ, Պրեստարիում, Արիֆոն Ռիտարդ, Ֆեվարին, Վոլտարեն Էմուլգել, Բետասերկ, Էսենցիալ Ն, Թերաֆլյու:
Հակամրցակցային համաձայնության են եկել 7 տնտեսվարող սուբյեկտներ' «ՎագաՖարմ», «ԱրգոՖարմ», «Էսկուլապ», «Ամիկուս», «Նատալի  Ֆարմ», «ԱլֆաՖարմ», «Արֆարմացիա»: Այս ընկերությունները սեպտեմբեր-նոյեմբերին դեղերի իրացման գները բարձրացրել են չհիմնավորված:
Վարույթի նյութերը, հիմնավորել են, որ ուսումնասիրված դեղերի' տնտեսվարող սուբյեկտների կողմից ձեքբերման գների անփոփոխ մնալու կամ ոչ զգալի փոփոխության պարագայում, զգալիորեն, ոչ համարժեք և միևնույն ժամանակահատվածում' սեպտեմբեր-հոկտեմբերին բարձրացվել են իրացման գները: Տնտեսվարողների այս վարքագիծը, որը ուղղակի կամ անուղղակի հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, հակամրցակցային համաձայնություն է: Նիստի ընթացքում տնտեսվարող սուբյեկտները ներկայացրեցին իրենց հակափաստարկները, պարզաբանումները, ելույթներ ունեցան:
Հանձնաժողովն այսօրվա իր որոշմամբ դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող' «Վագա Ֆարմ», «Արգո Ֆարմ», «Էսկուլապ», «Ամիկուս», «Նատալի Ֆարմ», «ԱլֆաՖարմ» և «Արֆարմացիա» ընկերություններին հակամրցակցային համաձայնության և մրցակցության սահմանափակման համար վերոհիշյալ ընկերություններից յուրաքանչյուրին տուգանեց յուրաքանչյուրի նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով (բայց յուրաքանչյուրին ոչ ավելի, քան 300 միլիոն դրամով):  «Ֆետիդա Ֆարմը» նիստի ընթացքում ներկայացրեց լրացուցիչ տվյալներ, և այս ընկերության վերաբերյալ հարցը հետաձգվեց, որոշում կկայացվի ավելի ուշ:
Այսպիսով, հաշվի առնելով վերոհիշյալ ընկերություններից յուրաքանչյուրի գործունեությունից նախորդ տարվա ընթացքում ստացված հասույթի չափը, տուգանվող ընկերությունների համար տուգանքի չափը կազմում է. «ՎագաՖարմի» դեպքում' ավելի քան 40 միլիոն դրամ, «ԱրգոՖարմ»' մոտ 21.5 միլիոն դրամ, «Էսկուլապ»' ավելի քան 35.5 միլիոն դրամ, «Ամիկուս»' 18.4 միլիոն դրամ, «Նատալի  Ֆարմ»' ավելի քան 187 միլիոն դրամ, «ԱլֆաՖարմ»' ավելի քան 113 միլիոն դրամ, «Արֆարմացիա»' ավելի քան 40.5 միլիոն դրամ: Միաժամանակ, վերոհիշյալ ընկերություններին հանձնարարվեց շտկել խախտումը և Հանձնաժողով ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն: Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը կտրամադրվեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

Այս խորագրի վերջին նյութերը