Աշխարհ

21.12.2009 17:37


Հայաստանը ետ կվերցնի՞ հայ–թուրքական արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը

Հայաստանը ետ կվերցնի՞ հայ–թուրքական արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը

Թուրքիայի՝ հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից հայերի դուրս գալու հետ կապելու համառությունն ահա այս կետին է հանգեցրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Վստահելի աղբյուրների համաձայն, եթե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում նախատեսող արձանագրությունները մինչև առաջիկա մարտ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չվավերացվեն և կյանքի չկոչվեն, ապա Հայաստանը միակողմանիորեն արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը ետ կվերցնի:

Պատճառը շատ պարզ է: Առկա իրավիճակում այնպիսի տպավորություն է ստեղծվել, կարծես  Հայաստանի նախագահին խաբել են սեփական ժողովրդի աչքի առջև: Նա, դեմ դուրս գալով ինչպես իր երկրի, այնպես էլ սփյուռքի արմատականներին, ստորագրեց արձանագրությունները, սակայն մնաց ձեռնունայն: Թուրքիայի հետ ոչ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին, ոչ էլ սահմանները բացվեցին. Թուրքիան հրաժարվեց իր խոսքերից: Հակառակ այն բանին, որ ստորագրված արձանագրությունների տեքստում որևէ դրույթ չկա Ղարաբաղի վերաբերյալ, մեր վարչապետը համառորեն պնդում է, որ առանց այդ հիմնախնդրի կարգավորման արձանագրությունները խորհրդարանում չեն անցնի: Ստացվում է' որևէ տարբերություն չկա Թուրքիայի' Ադրբեջանին պարզ ճակատով նայելու համար Հայաստանից Ղարաբաղի հարցում միակողմանի ժեստեր պահանջելու և Եվրամիության' Կիպրոսի հունական հատվածին լռեցնելու համար Թուրքիայից միակողմանիորեն նավահանգիստները բացելու պահանջի միջև:

Հայ-թուրքական արձանագրությունների և խորհրդարանի մարտիմեկյան որոշման նմանեցումը

Հաճախ զուգահեռներ են անցկացվում Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների և թուրքական խորհրդարանի մարտիմեկյան որոշման միջև, երբ օրենսդիրը մերժեց ամերիկյան ռազմական ուժերին' հյուսիսից Իրաք ներխուժելու նպատակով Թուրքիայի տարածքը տրամադրելու մասին փաստաթուղթը: Զուգահեռներ իրականում կան, բայց ոչ թե այն առումով, որ արձանագրությունները ինչ-որ պատահարի հետևանքով չեն վավերացվի խորհրդարանում: Նմանությունն այստեղ այն է, որ մեր իշխանությունները չեն կարողանալու կատարել տված խոստումները:

Մենք բազմիցս էինք գրել, որ սխալ է արձանագրությունները ներկայացնել խորհրդարանի վավերացմանը: Մի՞թե խորհրդարանի վավերացումը պահանջվեց անցյալ տարի մեր կողմից Կոսովոյի անկախությունը ճանաչելու համար: Մի՞թե ի սկզբանե չգիտեին Ադրբեջանի հնարավոր հակազդեցությունների մասին: Իսկ ի՞նչ են ասում մեր իշխանությունները Ադրբեջանում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապված դպրոցների դեմ իրականացվող ճնշումների առնչությամբ, որոնց ետևում կանգնած են էրգենեքոնականները: Երբ գործընթացին նայում ենք Հայաստանի աչքերով, երևում է հետևյալ պատկերը' գործընթացը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բեմականացված ներկայացում, որպեսզի Օբաման չգործածի «ցեղասպանություն» արտահայտությունը և ԱՄՆ Կոնգրեսում չհաստատվի ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:

Ամերիկա՞ն էլ ծախեց հայերին

Երևանի աչքերով նայելիս' դարձյալ հետևյալն ես տեսնում. Ամերիկան, որը ապրիլի 24-ից առաջ ասում էր, թե «նախաստորագրիր արձանագրությունները, մնացածը մենք կանենք», իրականում ջանք էր գործադրում' Թուրքիայի հետ հնարավոր ճգնաժամից խուսափելու համար: Բնականաբար, ԱՄՆ-ն իր տարածաշրջանային քաղաքականության շրջանակում  ուզում է ղարաբաղյան հիմնախնդրից անկախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում: Սակայն, միևնույն ժամանակ, ցանկանում է դա պահել իր ձեռքում' որպես Կոնգրեսում ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ հաղթաթուղթ: Էրդողան-Օբամա հանդիպումից հետո արված հայտարարություններում Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայաստանի հարցով խճճված արտահայտություններից հասկացվում է, որ ստեղծված իրավիճակը Թուրքիային փրկում է գոնե 2010-ի համար:  Աֆղանստանում, Պակիստանում և Իրաքում գլխացավանքներ ունեցող Ամերիկան չի ուզում խնդիրներ ունենալ իր ամենաառողջ մահմեդական դաշնակից Թուրքիայի հետ: Այդ պատճառով էլ նախընտրում է խուսափել լարվածությունից:

Իսկ այս ընթացքում Կոնգրեսը Հայաստանին և Ղարաբաղին հատկացվող ամենամյա օգնությունը 40%-ով կրճատեց: Այսինքն' Սարգսյանի ձեռքում եղածը «հեչ բան» է:

Ի՞նչ է ստացվում' Թուրքիան դիվանագիտական մեծ հաղթանակ է տարե՞լ: Կարճ հաշվարկով կարող է այդպես թվալ: Սակայն մինչև ու՞ր: ԱյոԲ, Հայաստանը փոքր երկիր է: Այո՛, ռազմավարական նշանակության հանքեր, նավթ չունի: Այո՛, Ադրբեջանը մի շարք տեսանկյուններից ավելի կարևոր է: Սակայն, եթե Հայաստանի հետ մեր հարաբերություններին նայենք միայն աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից, հարցի բուն էությունը չենք տեսնի: Իսկ հարցի մեջ խիղճ կա: Հայաստանի ժողովրդի մոտ 60%-ն ունի անատոլիական ծագում: Ոմանք զավթիչ ռուսական ուժերի հետ նահանջել են: Սակայն մեծամասնության տատերն ու պապերը թուրք մարդու, մեր մարդու կողմից դաժանաբար կոտորվել են: Անցյալում տեղի ունեցած ողբերգության փոխհատուցման ճանապարհը սկսվում է այդ մարդկանց և երիտասարդ պետություններին ձեռք մեկնելով: Ականջին կարող է հաճելի թվալ «ռիթմիկ դիվանագիտությունը», սակայն մեր մեծարգո արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, նրա նկատմամբ ունեցած անսահման հարգանքով հանդերձ, ավելի շատ վայել է «բարոյական դիվանագիտությունը»:

Ամբերին Զաման, «Թարաֆ» 

Թարգմանությունը՝ Սիվիլիթաս հիմնադրամի

Այս խորագրի վերջին նյութերը