Լրահոս

20.10.2016 16:22


Հսկողական մեխանիզմներ կսահմանվեն ՀՀ-ում օտարերկրացի բուժաշխատողների գործունեության նկատմամբ

Հսկողական մեխանիզմներ կսահմանվեն ՀՀ-ում օտարերկրացի բուժաշխատողների գործունեության նկատմամբ

Գործադիրի որոշմամբ սահմանվել է ՀՀ-ում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս օտար պետություններից ՀՀ են ժամանում օտարերկրացի բուժաշխատողներ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով, սակայն նրանց գործունեության նկատմամբ որևէ հսկողական մեխանիզմ սահմանված չէ: Որոշմամբ սահմանվում է օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման ընթացակարգը՝ թույլտվության տրամադրման ժամկետը, հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, հայտի մերժման հիմքերը:

Հայտին կցվող փաստաթղթերի ցանկում սահմանվում է նաև համապատասխան երկրում բժշկական գործունեության իրականացման իրավունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը: Նշված փաստաթուղթը հավաստում է, որ օտարերկրացի բուժաշխատողն իր երկրում ունի բժշկությամբ զբաղվելու իրավունք, և որ նրա՝ բժշկությամբ զբաղվելու իրավունքը կասեցված կամ արգելված չէ: Արդյունքում, հսկողական մեխանիզմներ կսահմանվեն ՀՀ-ում օտարերկրացի ավագ և միջին բուժաշխատողների գործունեության նկատմամբ և բացառել նրանց կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը:

Այս խորագրի վերջին նյութերը