Լրահոս

22.12.2009 16:14


Որտեղի՞ց է ֆինանսավորվում քաղաքապետարանն Ամանորի տոնական միջոցառումները կազմակերպելու համար

Որտեղի՞ց է ֆինանսավորվում քաղաքապետարանն Ամանորի տոնական միջոցառումները կազմակերպելու համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ամանորյա միջոցառումներն սկսվելու են դեկտեմբերի 25-ին և ավարտվելու են հունվարի 13-ին։

-Դեկտեմբերի 25-ին՝ ժ. 18։00-ին քաղաքապետը վառելու է կենտրոնական տոնածառի լույսերը, որի հետևանքով վառվելու է քաղաքի ամանորյա ձևավորումը, այդ օրը փոքրիկ միջոցառում է լինելու հենց Հանրապետության հրապարակում։ Դեկտեմբերի 31-ի գիշերը՝ ուղիղ ժամը 12-ին, քաղաքի 15 հատվածներից լինելու է հրավառություն։ Ուսումնասիրելով նախորդ տարիների փորձը, քաղաքացիների ցանկություններն ու բողոքները՝ մենք հասկացել ենք, որ 31-ի գիշերն անիմաստ է կազմակերպել էստրադային համերգ, որովհետև մեր քաղաքացիներն այդ օրը չեն սիրում տանից դուրս գալ։ Այդ իսկ պատճառով ամսի 31-ի գիշերը լինելու են դիջեյներ, Ձմեռ պապ և Ձյունանուշ։ Հունվարի 1-13-ը ցերեկային մանկական համերգներ և միջոցառումներ են լինելու,-ասել է նա։

«7օր»-ի այն հարցերին, թե որքա՞ն գումար է ծախսելու Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումների ժամանակ, և ո՞ր աղբյուրներից է ֆինանսավորվելու, Լուսինե Մարտիրոսյանն ասել է, թե այս տարի քաղաքապետարանը միջոցառումներ կազմակերպելու համար բյուջեից չի օգտվել։

-Ամանորի միջոցառումների գումարները գոյացել են  կազմակերպությունների և անհատ մարդկանց նվիրատվության և համագործակցության միջոցով։ Նրանց անունները նշել չեմ կարող։ Նրանք մարդիկ են, որոնք  պարզապես սիրում են Երևանը, ինչպես նաև քաղաքապետը։ Գումարի չափի մասին էլ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, և դեռ ավարտական գումարի մասին խոսել չենք կարող,-ասել է նա։

Այն հարցին, թե  ո՞ր կազմակերպությունների հետ է համագործակցելու Երևանի քաղաքապետարանը Նոր տարվա միջոցառումները կազմակերպելու նպատակով, Լուսինե Մարտիրոսյանն ասել է, թե քաղաքապետարանի մշակույթի վարչությունը՝ քաղաքի մյուս վարչական շրջանների հետ համատեղ, ինքնուրույն է կազմակերպում տոնական բոլոր միջոցառումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը